«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին»
Մեր գործընկեր, լրագրող Արմեն Սարգսյանը ինձ՝ «Առավոտի» ընթերցողների խմբագրին, հետեւյալ նամակն է հասցեագրել, որը ներկայացնում եմ որոշ կրճատումներով եւ իմ մեկնաբանություններով:
«2009 թվականի մարտի 4-ի «Առավոտում» կարդացի մի լուր՝ «Կանաչ ակնոց՝ կովերի համար» վերնագրով։ Ըստ դրա՝ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի գյուղնախարարությունը մտադիր է զարկ տալ կանաչ ակնոցների արտադրությանը։ Մինչ արտադրությունը՝ այն «կիրառվել» է Սյունիքի մարզի գյուղերից մեկում»։ Կիրառողն էլ Սարգիս Սարգսյանն է եղել։ Էլի հետաքրքիր բաներ կան գրված։
Մասնագիտական եւ սպառողական հետաքրքրությունս բավարարելու համար, քանի օր է՝ փորձում եմ պարզել, թե ո՞ր գյուղում է ապրում Սարգիս Սարգսյանը, իրակա՞ն է, արդյոք, այդ խորհրդավոր նորարարը, կարելի՞ է հանդիպել նրան, կարելի՞ է տեսակցել նրա ակնոցավոր կովերին։ Իմ ու գործընկերոջս փնտրտուքների արդյունքը հետեւյալն է:
Պարզվեց, որ Ա.Հ. ստորագրված լուրը գրել է Ռուզան Մինասյանը (նամակում այստեղ եւ մնացած դեպքերում նամակագիրը՝ ընդգծելու համար իր տեղեկությունների հավաստիությունը, գրում է նաեւ անձանց հեռախոսահամարները: Մենք դրանք կրճատել ենք, զուտ էթիկական նկատառումներով – Մ. Հ.)։ Նա պատասխանեց, որ չի կարող տվյալներ տալ նորարարի մասին, որովհետեւ ինչ-որ խնդիրներ կան կապված նրա (նորարարի) հետ, որովհետեւ հիմա չարժի, որովհետեւ ինքը (Ռուզան Մինասյանը) արձագանքների է սպասում։ Խնդրեցինք ասել գոնե գյուղի անունը, բայց Ռուզան Մինասյանը մերժեց։
Սյունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման կենտրոնում չգիտեին այս մասին։ Երեք օր գրեթե գյուղ առ գյուղ փնտրել ենք Սարգիս Սարգսյանին, չենք գտել։
Սյունիքում գործող գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող թերթի խմբագիր Սուսաննան (խոսքը մեր մի այլ գործընկերոջ՝ «Բան ու գործ» թերթի խմբագիր Սուսաննա Շահնազարյանի մասին է – Մ. Հ.) մի օր փնտրելուց, հարցուփորձ անելուց հետո ասաց, որ այդպիսի բան չկա։
ՀՀ ընտրողների ռեգիստրից (կայքէջ՝ www.elections.am ) պարզեցի Սյունիքի մարզի Սարգիս Սարգսյաններին. ովքեր բնակվում են Խնածախ, Շինուհայր, Քարահունջ, Անգեղակոթ, Հարժիս, Լոր, Խոտ, Սպանդարյան, Եղվարդ (Սյունիքի մարզի) գյուղերում (ուրիշ գյուղերում չկան, եթե հավատանք 1 տարվա վաղեմություն ունեցող պետական տվյալներին)։ Զանգեցի կամ վերոնշյալ սարգսյաններից ոմանց, կամ նրանց համագյուղացիներին, եւ պարզվեց՝ ակնոցավոր կովեր չկան, չեն պահում։ Ճիշտ է, Ագարակը քաղաք է, բայց մի Սարգիս Սարգսյան էլ Ագարակում կա, նա էլ չի պահում։
Գյուղնախարարի օգնական Հայկ Հայկյանը ասաց, որ գյուղնախարարությունը զարկ չի տալիս կանաչ ակնոցների արտադրությանը։ Ասացի՝ թերթում գրված է, որ գյուղնախարարությունն իմանալով այդ մասին՝ մտադրվել է առաջավոր փորձը կյանքի կոչել, եւ հարցրի՝ կյանքի կոչե՞լ եք, ե՞րբ եք կոչելու, պատասխանեց, որ թերթում սուտ է գրված։
Եթե ես հաստատ իմանամ, որ «Առավոտը» ճշմարիտ է գրել, առաջիկա կիրակի կգնամ ակնոցավոր կով տեսնելու Սյունիքի մարզում։ Դրա համար թող թերթը վստահեցնի, որ, այո՛, այդպիսի բան եղել է։ Եթե եղել է, թող հաստատեն, որ անուն-ազգանունը ճիշտ է, որ ավելի մեծ եռանդով փնտրեմ։
Հարգանքով՝ Արմեն Սարգսյան լրագրող, «Առավոտի» 8 տարվա ընթերցող եւ բաժանորդ»:
Աշխարհում ընդունված էթիկական սկզբունք է՝ լրագրողը պետք է կատարի տեղեկատվության աղբյուրին տված իր խոստումները, այդ թվում՝ աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ: «Առավոտի» էթիկական կանոնագիրը ասում է. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը» (կետ 7):
Հայաստանի ԶԼՄ-ների Վարքականոնը, որը ստորագրել է նաեւ «Առավոտը», այս խնդրի վերաբերյալ նշում է. «հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն»:
Երբ գաղտնապահության մասին խոսում ենք, շատերն ասում են, թե լրագրողները կարող են չարաշահել այն. գրել ինչ խելքներին փչի՝ հղում կատարելով բացահայտվել չցանկացող աղբյուրի վրա: Իհարկե, կա նման վտանգ, սակայն, կարծում եմ, նման բան կարող է անել միայն իր մասնագիտությունը չհարգողը: «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանն ինձ վստահեցրեց, որ Սարգիս Սարգսյանն իրական անձնավորություն է, սակայն ինքը տեղեկատվության աղբյուրին խոստացել է՝ առայժմ չբացահայտել նրա անձը, եւ դա է պատճառը, որ անգամ գյուղը չի նշում, քանի որ այդ դեպքում անձին բացահայտելը դժվարություն չի ներկայացնի: Ես ոչ մի պատճառ չունեմ Ռուզանին չհավատալու եւ կարծում եմ, որ տեղեկատվության աղբյուրներին տված խոստումները պետք է կատարել, ուստի լրագրողն այս դեպքում ճիշտ է:
Մյուս կողմից, ըստ նամակագրի՝ գյուղնախարարությունում այս փորձի մասին տեղյակ չեն, եւ դա է նաեւ նրա մոտ կասկածներ առաջացրել: Այս դեպքում էլ, կարծում եմ, նախարարությունը կարող էր ժամանակին հերքում ուղարկել, ինչը չի արել:
Ինձ համար, իբրեւ լրագրողի, հասկանալի է Արմեն Սարգսյանի հետաքրքրասիրությունը. ինքս այրվում եմ կանաչ ակնոցով կովեր տեսնելու ցանկությամբ, բայց ոչինչ չեմ կարող անել՝ Ռուզան Մինասյանը խոստացել է չբացահայտել աղբյուրը, համենայնդեպս՝ առայժմ: Եվ այստեղ ես էթիկական խնդիր չեմ տեսնում: