Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, նշելով, որ որոշումը կայացվել է ֆեդերացիայի գործկոմի նիստում, որը նախագահել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Օրակարգում եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցի քննարկումը:
Ներկայացնելով խնդիրը՝ ՀՖՖ նախագահը պարզաբանել է 2010 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլում մեր ընտրանու անհաջող ելույթների եւ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին պաշտոնանկ անելու որոշման պատճառները, որից հետո առաջարկել է քննարկել մինչեւ ընտրական փուլի ավարտը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Իվո Շուշակի թեկնածությունը, որն այդպիսի աշխատանքի փորձ ունի եւ որի համար էլ նրան կարելի է այդ հնարավորությունն ընձեռել, իսկ հաջող աշխատանքի պարագայում հետագայում նրա հետ ավելի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:
Խնդրի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել, որոնցում հնչել են տարբեր տեսակետներ: Դրանցում գերիշխել է այն տեսակետը, որ ավելի նպատակահարմար է այս փուլում հնարավորություն տալ տեղի մասնագետին, տվյալ դեպքում՝ Վարդան Մինասյանին, որն ըստ էության ավելի լավ է ճանաչում հավաքականի թեկնածուներին եւ նրանց մեծ մասի հետ, փաստորեն, շփվում է ամեն օր: Իսկ արտասահմանցի մասնագետը, որի մասնագիտական մակարդակին ոչ ոք չի կասկածում, դեռ պետք է իրեն դրսեւորի երկրի ներքին առաջնությունում:
Կազմակերպված քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ անցել է Վարդան Մինասյանին՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու առաջարկը: