Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ փորձություն՝ ապագայի համար

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էին Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի բացակայությամբ, մարզիչները մեծահասակների մրցապայքարում իրենց կարողություններն ստուգելու իրավունք առաջին անգամ ընձեռել էին այս երիտասարդներին: Երկու ծանրորդներն էլ դրանից առաջ իրենց լավագույն կողմերով էին դրսեւորել պատանեկան եւ երիտասարդական պաշտոնական մրցումներում: Սակայն մեծահասակների միջեւ պայքարն էապես տարբերվում է թե իր մակարդակով, թե լարվածությամբ:

Ուղիղ հեռարձակմամբ հեռուստաեթերին հետեւող մարզասերները տեսան, թե նրանք ինչպիսի կռիվ տվեցին նախ եւ առաջ ծանրաձողի, ապա՝ փորձառու, հետեւաբար, ահեղ մրցակիցների հետ: Գեւորիկ Պողոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 164 կգ արդյունք, իսկ Արամ Անդրիկյանը՝ 160: Երկրորդ մրցաձեւում Արամն սկսեց 193 կգ-ից ու հաջող կատարեց միայն իր ու մարզիչների ներկայացրած մեկնարկային պատվերը: Նույն սցենարով ընթացավ նաեւ Գեւորիկի մրցելույթը: Նա, սկզբում սանձելով 164 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումներում ի վիճակի չեղավ հաղթահարել նախ՝ 198, ապա նաեւ՝ 199 կիլոգրամները:

Ի վերջո, երկամարտի արդյունքով Գեւորիկ Պողոսյանը 358 կիլոգրամով գրավեց 9-րդ, իսկ Արամ Անդրիկյանը (353 կգ)՝ 10-րդ հորիզոնականը: Դա լա՞վ է, թե՞… Վերջնական գնահատականը, Երեւան վերադառնալուց հետո, կտան հավաքականի մարզիչները եւ ֆեդերացիան: Իսկ մինչ այդ, տպավորությունը հետեւյալն է: Տղաները, գուցե, ի վիճակի էին ավելիին: Բայց որ պայքարեցին, կասկած չկա: Ու այդ պայքարն, իսկապես, անզիջում էր ոչ միայն ծանրաձողի, այլեւ՝ իրենք իրենց հետ: Մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում, երբ նրանք ավելի կհասունանան եւ նման մակարդակի մրցումներում թրծված կդառնան, բոլորս էլ մեր ակնկալած արդյունքների ականատեսը կդառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել