Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է

Ապրիլ 11,2009 00:00

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը երեկ ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։

Մեր աղջիկներից վերջինը մրցահարթակ մտավ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը իր եւ հավաքականի հաշվարկին բերեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Մրցակցության ամբողջ ընթացքում երկրորդը ճանաչվելու համար հիմնական պայքարն ընթանում էր Հռիփսիմեի եւ Իսպանիայի ներկայացուցիչ Լիդիա Վալենտինի միջեւ: Այստեղ մրցակցությունից դուրս էր ռուսաստանցի Լիդիա Զաբոլոտնայան:

Պոկում վարժությունը Խուրշուդյանն սկսեց 111 կգ-ից, այնուհետեւ իր կամքին ենթարկեց նաեւ 116 կիլոգրամը, սակայն վերջին մոտեցմամբ անհաջողության մատնվեց 120 կգ-ում: Դրա փոխարեն Զաբոլոտնայան եւ Վալենտինը բարձրացրին այդ կիլոգրամները: Եվ քանի որ ռուսաստանցին անձնական քաշով թեթեւ էր, նրան էլ շնորհվեց փոքր «ոսկին»:

Հրում մրցաձեւում Հռիփսիմեն միանշանակ ուժեղ էր Վալենտինից: Նրանց միջեւ առաջին վարժությունից հետո գոյացած չորս կիլոգրամի տարբերությունը հալվեց եւ 1 կգ-ի առավելության վերածվեց Խուրշուդյանի օգտին, որը իսպանուհու 132 կգ-ին պատասխանեց 137-ով: Իսկ «ոսկու» խնդիրն ընդամենը երկու մոտեցումով իր օգտին լուծեց Զաբոլոտնայան (140+145) եւ երկամարտի 265 կգ-ով Եվրոպայի փոխչեմպիոնուհի դարձած Հռիփսիմե Խուրշուդյանին գերազանցեց ամբողջ ութ կիլոգրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել