Հայ կոմպոզիտորը «հյուրընկալել» է ամերիկացիներին
Միջազգային նշանակության կամ հնչեղության մշակութային միջոցառումները գլխավորապես անց են կացվում միջպետական համաձայնագրերով: Բայց արվեստը ինքնին դիվանագիտություն է, բարեկամության կամուրջ, ուստի հաճախ մեզանում եւ տարբեր երկրներում ապրող արվեստագետներն իրենք են դառնում նախաձեռնությունների հեղինակ, ձեւավորում ավանդույթներ: Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը 1990-ականներից ի վեր կազմակերպում եւ անց է կացնում յուրօրինակ երաժշտական ակցիաներ, որոնց նպատակն է Հայաստան բերել ոչ միայն այլ երկրներում ծնված երաժշտական ստեղծագործություններ, այլեւ ամեն ինչ անել մեր ազգային կոմպոզիտորական եւ կատարողական դպրոցները օտարներին ներկայացնելու համար:
«Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը, որ կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 13-ին, ասվածի ապացույցն է: Ամերիկացի կոմպոզիտորներ Մերիլին Բլիսի, Էլիզաբեթ Բելլի, Հայկ Բոյաջյանի, Մեթյու Հ. Ֆիլդզի եւ հայաստանցի Էդուարդ Սադոյանի երկերը առաջին անգամ կներկայանան հայ ունկնդրին: Ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Երեկոյին ներկա կգտնվի միայն Մ. Բլիսը, որի հայաստանյան հեղինակային երեկոն կայացել է 2007թ.:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ պատկերացում ունի թե ամերիկահայ, թե հայ կոմպոզիտորների մասին, հետեւաբար կուզեինք լսել իր խոսքը նրանց տարբերությունների եւ նմանությունների մասին, Մ. Բլիսը պատասխանեց. «Կոմիտաս, Ալան Հովհաննես, Խաչատրյան… անուններ, որոնք հիացմունքով է ընդունում աշխարհը… Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասը իմ չխամրող սերն է: Ինչ վերաբերում է ժամանակակից հայ հեղինակներին, ամերիկահայ Հայկ Բոյաջյանն իմ ոչ միայն գործընկերը, այլեւ ընկերն է, որի արվեստը գնահատում է ոչ միայն Ամերիկան: Հայաստանցի կոմպոզիտորներից ծանոթ եմ միայն Էդուարդ Սադոյանին, հատկապես տպավորված եմ նրա «Գրիգոր Լուսավորիչ» օպերայով: Կարճ ասած՝ ժամանակակիցներից Ամերիկայում ճանաչում եմ Բոյաջյան, Հայաստանում՝ Սադոյան: Իհարկե, իրարից անկախ, յուրահատուկ ձեռագիր ունեցող կոմպոզիտորներ են, իսկ նմանությունը նրանց հայկական տաքարյունության մեջ է»:
Հարցին՝ կոմպոզիտորն այս անգամ ի՞նչ ակնկալիքներ ունի հայ ունկնդրից, ինչպե՞ս կընդունվի Հայաստանում առաջին անգամ հնչող իր՝ սոպրանոյի եւ նվագախմբի համար գրված «Հուացու սարը» վոկալ շարքը, տիկին Բլիսն ասաց. «Հայաստանում հեղինակային երեկոյիս տեսագրությունը տանը ժամանակ առ ժամանակ դիտում եմ եւ ամեն անգամ հիանում հայ ռոմանտիկ, լավատես հանդիսականով: Ինձ համար նորություն չէ մաեստրո Ռուբեն Ասատրյանը, փոխարենը այս անգամ հայտնաբերեցի սոպրանո Գայանե Գեղամյանին…»:
Հետաքրքրվեցինք, թե Էդ. Սադոյանի նման կոմպոզիտորներ կա՞ն Ամերիկայում, որոնք նախաձեռնում են նման երաժշտական կամուրջներ՝ ընդգրկելով նաեւ հայերի, տիկին Բլիսն ասաց. «Անհատների անուններ այս պահին չեմ կարող մտաբերել, բայց 1990-ականներից գործում է Continuum ընկերությունը, որը անդրադառնում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների արվեստագետներին, այդ թվում՝ հայերին, վրացիներին, ուկրաինացիներին: Ի վերջո, ունենք բոստոնաբնակ Հայկ Բոյաջյան, որի աննկարագրելի ջանքերի շնորհիվ պարբերաբար կազմակերպվում են հայ կոմպոզիտորների երկերից կազմված համերգներ…»: