Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ» ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ

Ապրիլ 11,2009 00:00

Ապստամբություն, պետական հեղաշրջում, անկարգություններ, հետընտրական պրոցեսներ՝ այդ որակումներն են տալիս մեկնաբանները այս շաբաթ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններին: «Վրեմյա նովոստեյ» թերթի կարծիքով, իրադարձություններն իսկապես բազմաշերտ էին, եւ այստեղ իր հատուկ տեղն ունի, այսպես կոչված, «ռումինական վարկածը»: Ըստ թերթի՝ Մոլդովայի գլխավոր դատախազը հայտարարել է հետեւյալը. «Հիմա մենք չենք կարող հրապարակել մեր կողմից քննվող գործի բոլոր մանրամասները, սակայն «ռումինական հետքը» հստակորեն նշմարելի է. դրա մասին են վկայում իրեղեն ապացույցները»: Երկրի հատուկ ծառայություններն այժմ շարունակում են հարյուրավոր ձերբակալված ցուցարարների հարցաքննությունը: Քիշնեւի պահանջով ձերբակալություններ են իրականացնում նաեւ Ուկրաինայի իշխանությունները. մասնավորապես, Օդեսայում կալանավորվել է 32-ամյա մոլդովացի մեծահարուստ Գաբրիել Ստատին: Ռումինական հետքի մասին է խոսել նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կարգախոսները եւ դրոշները, որոնք նկատվում էին Քիշնեւում, մեզ խիստ անհանգստացրել են, դրանք միանշանակ կերպով ցույց էին տալիս, որ ցուցարարները, իսկ իրականում՝ ջարդարարները, տարված էին մոլդովական պետականությունը քանդելու գաղափարով,- հայտարարել է Լավրովը:- Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն եւ ռումինական ղեկավարությունը, որը հրապարակավ դատապարտել է բռնությունը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի ռումինական դրոշներն ու կարգախոսները չօգտագործվեն այդ նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել