Երեկ Թբիլիսիում վերսկսվեցին ընդդիմության ցույցերը, որոնց պահանջն է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հրաժարականը: Նախորդ օրը ընդդիմադիրները Սահակաշվիլուն 24 ժամ ժամանակ էին տվել՝ իր հրաժարականը ներկայացնելու համար, սակայն Վրաստանի ղեկավարը հրաժարվել է կատարել վերջնագրի պահանջը, ասելով, որ ղեկավարելու է երկիրը մինչեւ 2013 թվականը: Նա ասել է նաեւ, որ պատրաստ է ընդդիմադիրների հետ քննարկել բոլոր խնդիրները՝ կապված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկրի անվտանգությունն ապահովելու եւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հետ: Ըստ ընդդիմադիրների՝ նման պատասխանը Վրաստանի ներկայիս նախագահի ոչ ադեկվատ լինելու եւս մի ապացույցն է: Ըստ newsru.com-ի՝ ընդդիմությունը հայտնում է նաեւ, որ նախորդ գիշեր Ռուսթավելի պողոտայի մոտակայքում ռետինե մահակներով դաժանորեն ծեծվել է երիտասարդական շարժման ակտիվիստներից մեկը: Դիմակավորված հարձակվողները փախուստի են դիմել հանցագործության վայրից: Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության, եթե Սահակաշվիլին հրաժարվի ինքնակամ թողնել իր պաշտոնը: Բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկի՝ Էկա Բեսելիայի խոսքերով՝ «2007 թվականին ընդդիմությունը նահանջել էր խաղաղությունը պահպանելու համար, բայց արդյունքում՝ Վրաստանի ժողովուրդը ստացավ 2008 թվականի օգոստոսը: Այժմ մենք սկսում ենք մեր վճռական մարտը եւ կոչ ենք անում ժողովրդին՝ չհանձնվել»: