Ամերիկյան զինված ուժերն ակտիվացնում են իրենց ներկայությունը Սոմալիի մոտակայքում ծովահենների կողմից առեւանգված ԱՄՆ քաղաքացի նավապետին ազատելու համար: Ամերիկյան նավերից մեկն արդեն իսկ գտնվում է այն նավակի կողքին, որտեղ ծովահենները պահում են Ռիչարդ Ֆիլիպսին: Այժմ բանակցություններ են վարվում նավապետին ազատելու ուղղությամբ: bbc.com-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ծովահենները հարձակվել էին դանիական ընկերությանը պատկանող «Մայերսկ Ալաբամա» նավի վրա, որը մարդասիրական բեռ էր տանում Ուգանդայի եւ Սոմալիի համար: Նավի վրա էին գտնվում մոտ երկու տասնյակ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք կարողացան ետ մղել ծովահենների գրոհը: Վերջիններիս հաջողվեց միայն առեւանգել նավապետ Ֆիլիպսին: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները գտնում են, որ պատանդի ազատման դիմաց ծովահենները կպահանջեն փրկագին, ինչպես նաեւ փոխհատուցում՝ փոխհրաձգության ժամանակ խորտակված նավակի համար: Այժմ այն փրկարար նավակի վրա, որտեղ գտնվում են Ֆիլիպսը եւ ծովահենները, կա ամեն ինչ՝ մեկ շաբաթ ծովում մնալու համար: Սակայն «Մայերսկ Ալաբամայի» սեփականատերը հայտարարել է, որ նավակը չունի վառելանյութ եւ այժմ ազատ նավարկության մեջ է: