Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջագույն հեղափոխությունը դարձավ կարմիր

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Երեկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի փողոցներ էին դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են գործող վարչապետ Աբխիսիտ Վեդչաչիվայի հրաժարականը: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը չորս ամիս առաջ դարձյալ զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել նախորդ վարչապետ Սոմչայ Վոնգսավատը: «Գազետա» թերթը նշում է, որ այդ ցույցերը հիշեցնում են նախորդ լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը կաթվածահար էր արել Թաիլանդի կառավարության աշխատանքը անցած տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր: Բանգկոկի փողոցներում ցույց են անում մոտավորապես նույն քանակությամբ մարդիկ եւ առաջ են քաշում նույնատիպ պահանջներ: Սակայն այս անգամ ցուցարարների շապիկները ոչ թե նարնջագույն են, ինչպես չորս ամիս առաջ, այլ՝ կարմիր, իսկ դա նշանակում է, որ այս անգամ փողոց են դուրս եկել հակառակ քաղաքական ուժի կողմնակիցները: Ներկայիս վարչապետի հրաժարականն են պահանջում հանուն ժողովրդավարության, բռնապետության դեմ միասնական ճակատի հետեւորդները, որոնք սատարում են նախորդ վարչապետին: Վերջինս ազդեցիկ եւ հակասական լիբերալ քաղաքական գործիչ Տաքսին Չինավատի փեսան է: Միլիարդատեր Չինավատը ղեկավարում էր Թաիլանդի կառավարությունը 2001-2006թթ. եւ կարողացել էր էապես սահմանափակել բանակի եւ թագավորի ազդեցությունը: Չինավատը պաշտոնանկ էր եղել միապետական ուղղվածության կուսակցությունների կազմակերպած խոշորածավալ ցույցերի արդյունքում: Թագավորի կողմնակիցները կարողացել են պաշտոնանկ անել նաեւ նախորդ վարչապետին: Այժմ ցույցեր անելու հերթը հասել է ժողովրդավարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել