Ռուսաստանյան նացիստները պատրաստվում են մայիսի 5-ին համառուսաստանյան ջարդ կազմակերպել: Իրենց կայքերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ այդ օրը նրանք պատրաստվում են ոչ միայն սպանել օտարազգիներին, այլեւ՝ այրել պետական շենքեր, ինչպես նաեւ՝ իշխող կուսակցության գրասենյակներ: «Սպանեք, պայթեցրեք, ոչնչացրեք, ջարդեք, ծեծեք, կոչեր գրեք պատերի վրա, արեք, ինչ ուզում եք, ինչ ճիշտ եք համարում, սակայն, հանուն ձեր զինակիցների, անգործության մի մատնվեք»՝ ըստ newsru.com-ի, այդպիսի կոչով է հանդես եկել ջարդերը նախաձեռնող «Ռուսկայա վոլյան»:
Անկարգությունների ամսաթիվը պատահաբար չի ընտրվել. մայիսի 5-ին լրանալու է այդ խմբի առաջնորդ Մաքսիմ Բազիլեւի մահվան 40 օրը: Բազիլեւը մահացել է Պետրովկայի մեկուսարանում՝ տարօրինակ հանգամանքներում: Բազիլեւի զինակիցները պատրաստվում են փողոց դուրս բերել բոլոր աջ ազգայնականներին, ֆուտբոլային ֆանատներին, կազակներին՝ այդպիսով բոլոր սպանված ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Նացիստները բռնության կոչեր են անում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ «արիական հանրապետություններում»: