Լրահոս
Օրվա լրահոսը

Դուռ բացող-փակող, պահակ, բերք հավաքող…

Ապրիլ 11,2009 00:00

Սրանք անչափահասների աշխատանքի՝ ՀՀ-ում ամենատարածված ձեւերից են

Անչափահասների՝ որպես էժան աշխատուժի շահագործման խնդիրը կա աշխարհի բազում երկրներում: Այս առումով ամենաանմխիթար վիճակում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռումինիան, որտեղ խնդիրն ավելի ծավալվեց հատկապես գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո: Չնայած ՀՀ-ն այս պրոբլեմի տարածվածության առումով «նորելուկներից» է, բայց, ինչպես նշում են մասնագետները, անչափահասների աշխատանքի հիմնախնդիրը մեր երկրում էլ աննշան չէ: Վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով՝ Սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն կատարվեց, որի շրջանակներում ուսումնասիրություններ արվեցին ՀՀ տարբեր շրջաններում: Ուսումնասիրվել է 1066 ընտանիք, որից 65-ում հայտնաբերվել է առնվազն 1 աշխատող երեխա, իսկ այդ երեխաների ընդհանուր թիվը կազմել է 71: Ինչպես նշված է «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» զեկույցում, 1066 ընտանիքներում գտնվող 2032 երեխաների խմբում հետազոտման օրվան նախորդող շաբաթվա ընթացքում աշխատանք ունեցողների թիվը կազմել է 3.6%, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանք է ունեցել բոլոր երեխաների 4.7%-ը: Աշխատող երեխաների ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակի մարզում՝ 15.6%, Արմավիրում, Սյունիքում, Արարատում, իսկ Երեւանում այդ թիվը կազմում է 3%:

Այս տվյալները մտածելու տեղիք են տալիս: Ուստի «Առավոտը» խնդրի լուծման ճանապարհների մասին զրուցեց «Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ: Մ. Անտոնյանը նշեց, որ անչափահասների աշխատանքի մասին կարծիքները մասնագիտական շրջանակներում աշխարհում բաժանվում են երկու ուղղության. «Պրոտեկցիոնիստները կարծում են, որ երեխայի աշխատանքը պիտի համարել նրա սոցիալականացման գործընթացի բաղադրիչ, իսկ աբոլիցիոնիստները մերժում են երեխաների աշխատանքը, քանի որ այն հակասում է նրա շահերին, կրթության հեռանկարներին»:

ՀՀ-ի մասնագետների կարծիքով՝ նշված խնդրին միանշանակ ասել այո, կամ՝ ոչ, ճիշտ չէ, պարզապես պիտի ստեղծել երեխաների աշխատանքի համար վերահսկվող, անվտանգ պայմաններ եւ կատարել այլ միջամտություններ: Շատ ընտանիքներում երեխան եկամտի միակ աղբյուրն է, այդ դեպքում ի՞նչ անել: Ըստ Մ. Անտոնյանի՝ պիտի գործեն փոխհատուցման մեխանիզմներ. «Սոցիալական աշխատողը, հոգեբանը պիտի աշխատեն այդ ընտանիքի հետ, դրան գոնե 6 ամիս տրամադրվի աջակցության փաթեթ, մինչեւ ընտանիքը վերականգնվի»: Շատ հաճախ երեխաների շահագործման մեջ մեղադրում են գործատուներին, թե անխղճորեն աշխատեցնում են երեխաներին՝ առանց պայմանագիր կնքելու եւ չնչին գումարներով: Մ. Անտոնյանի կարծիքով՝ հարցը միակողմանի չէ. «Գործատուների մի մասը մեզ հետ զրույցում ասում էր, որ տեսել է ընտանիքը սովամահ է լինում, դրա համար էլ երեխային աշխատանք է տվել: Մերկապարանոց ասել, որ բոլոր գործատուները շահագործողներ են, ճիշտ չէ: Հիմնականում անչափահասներն առանց պայմանագիր են աշխատում, որ գործատուն խնդիրներ չունենա աշխատանքի տեսչության, հարկայինի հետ»:

Մտահոգիչ է նաեւ այն, որ երեխաները հիմնականում աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք վնաս են նրանց առողջությանը: Մ. Անտոնյանն ու Հ. Խեմչյանը ներկայացրին այդպիսի մի քանի օրինակներ. «Արմավիրում կա մի մեքենա, որը հավաքում է ծնողներին ու երեխաներին, տանում բերքահավաքի՝ մինչեւ +40 աստիճան հասնող պայմաններում: Հսկայական տարածքում ծառ չկա, հայտնաբերել ենք դեպքեր, երբ երեխան արեւահարումից այրվածք է ստացել: Մայրը հիվանդ է, ուստի երեխան ստիպված էր աշխատել, որ դպրոցական համազգեստ գներ: Գյումրիում՝ օրը մեկ դույլ կարտոֆիլով աշխատում են կարտոֆիլի պլանտացիաներում՝ արեւի տակ կռացած: Ամենատարածվածները գյուղատնտեսական աշխատանքներն են, երթուղայինի՝ դուռ բացել-փակելը, նկուղային հարկերում գտնվող համակարգչային կենտրոններում պահակություն անելը, հողագործությամբ զբաղվելը, տարածված են նաեւ տնային աշխատանքի ձեւերը, օրինակ՝ փոքր քույր-եղբայրներին խնամելը եւ այլն»:

Այս հարցերի վերահսկմամբ շրջաններում զբաղվում են խնամակալական հանձնաժողովները, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով. «Որպեսզի համապատասխան մարդկային ռեսուրսներ ստեղծվեն, ֆինանսներ են պետք, որը մեր պետությունը չունի: Ուստի եթե հանձնաժողովներում կան նվիրյալներ, տվյալ շրջանում վիճակը բարենպաստ է, եթե չկան՝ ոչ»: Իսկ Հ. Խեմչյանի կարծիքով. «Խնդրին պիտի ընդհանուր չնայել, այլ մասնավոր տեսանկյունից՝ կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով: Այս խնդրի լուծման համար պետք է նաեւ կառավարական մակարդակով մոտեցում»: Նշենք, որ երեխաների աշխատելու հանգամանքը սպառնալիք է նաեւ նրանց կրթության հեռանկարին, ըստ ուսումնասիրության տվյալների՝ աշխատող երեխաների 41.4%-ը ընդհանրապես չի սովորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել