Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքից մասնակցում է 62 աշակերտ: Թեեւ հանրապետական փուլն այս օրերին շարունակվում է, մարզի դպրոցականների հաջողություններն արդեն երեւում են: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրի հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Թորոսյանը կենսաբանություն առարկայից առաջին կարգի դիպլոմ է շահել եւ հնարավորություն ստացել մասնակցելու Ճապոնիայում կայանալիք միջազգային օլիմպիադային: Արփինե Թորոսյանը այժմ նախապատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթին: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Սյունիքի մարզից երկու այլ դպրոցական շահել է երկրորդ կարգի դիպլոմ, չորս աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմ, իսկ հինգ մասնակից արժանացել է գովասանագրի: Դեռեւս ոչ բոլոր առարկաներից է ավարտվել օլիմպիադան եւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնում հաջողություններ եւ հաղթանակներ են սպասում նաեւ օտար լեզուների եւ պատմության առարկաների մասնակից դպրոցականներից: