Խմբագրություն այցելած տիկինը խնդրեց անունը չնշել, պարզապես՝ Արմավիրի մարզի դպրոցականի ծնող եւ ասաց, թե Արմավիրի մարզի դպրոցների աշակերտներին պարտադրվում են օրագրեր, որոնց վրա հատուկ նշում կա՝ «Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցների համար»: Տիկինը ուներ նման օրագրի մի նմուշ: Հատուկ արմավիրցիների համար օրագիրը՝ ոչ թերթերի քանակով, ոչ բովանդակությամբ չի տարբերվում սովորական օրագրերից, իսկ բողոքավոր ծնողը պնդում էր, թե խանութում սովորական օրագիրը արժե մոտ 300 դրամ, իսկ այս հատուկը իրենց պարտադրվում է 450 դրամով: Որոշ ծնողներ արդեն գնել են դրանցից:
Տիկնոջ՝ գաղտնի մնալու համառ ցանկությունը տարօրինակ էր, սակայն, նկատի ունենալով նման մի նախադեպ, երբ նույն Արմավիրի մարզի դպրոցներին համազգեստ պարտադրելու փորձ էր արվում եւ որը կարվելու էր մարզպետի որդուն պատկանող ընկերությունում, որոշեցինք արձագանքել բողոքին եւ օրագրերի մասին պարզաբանումներ խնդրեցինք Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սարդարյանից:
Տիկին Սարդարյանն ասաց, որ օրագրերը պարտադրելու փորձը եղել է դեռեւս ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին, եւ արդեն հոկտեմբերին «մենք հնարավորինս արդեն կանխել ենք, այնպես որ, հիմա դա ավարտվել է, միանշանակ»: Տիկին Սարդարյանը չգիտեր, թե ով է նախաձեռնել նման ակցիա եւ էական չի համարում, թե նախաձեռնողը որքան գումար է պահանջել օրագրի համար: «Խնդիրը դա չէ, այլ՝ այն, որ բացի դասագրքերից, դպրոցում նման բաներ չպետք է վաճառվեն»:
Նախաձեռնության հեղինակներին մենք էլ չգտանք, քանի որ հատուկ արմավիրցիների համար օրագրի վերջին էջին կա տպագրող ընկերության անունը՝ «Զատիկ Նար», սակայն որեւէ հասցե կամ այլ կոորդինատ չկա: