Հայաստանի համայնքների ասոցիացիան (ՀՀԱ) երեկ մի քանի հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Ինքնակամ շինարարության կանխարգելման եւ կասեցման ու հետեւանքների վերացման օրեսդրական անկատարությունը շտկելու գործում մասնակցություն ունենալու համար ՀՀԱ-ն Հովիկ Աբրահամյանին խնդրում է ձեւավորել ոլորտային օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբ:
Երկրորդ դիմումով ՀՀԱ-ն առաջարկում է ձեւավորել «ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով խորհուրդ»: Երրորդ՝ ՀՀԱ-ում կարծում են, որ ֆինանսական համահարթեցման մասին օրինագիծը «դեռեւս մեծ բանավեճերի տեղիք է տալիս կոնցեպտուալ եւ օրենսդրական լուծումների տեսանկյունից, պարունակում է մեծ թվով ռիսկեր։ Այն անցումային այս փուլում էականորեն ազդելու է համայնքների բյուջեի ձեւավորման վրա, կարիքների կամ ծախսերի տեսանկյունից հաշվի է առնում միայն մի քանի գործոններ, որոնք չեն կարող ամբողջական ու լիարժեք լինել բոլոր համայնքների համար»։ Ուստի ՀՀԱ-ն ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանն առաջարկում է «ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից՝ նախքան Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացության ստանալը, եւ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ»։
Եվ վերջինը՝ «առաջարկում ենք որպես տեղական հարկի տեսակ սահմանել նաեւ ընդերքի օգտագործման հարկը»։