Հայկաձորի վանքի արտերը մնացել են միայն ժողովրդի հիշողության մեջ
ՀՀ քաղաքացներ Միշա Ներսիսյան եւ Ասյա Հովհաննիսյան ամուսինները, սկսած ՀՀ անկախության առաջին օրերից, պայքարում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի ջրաղացին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն երկրորդ կյանք տալու համար:
Եվ եկեղեցին, եւ ջրաղացը Արաքս գետի ափին են՝ սահմանամերձ հատվածում, եւ դրանց մոտենալու համար սահմանապահների հատուկ թույլտվությունն է պետք: Հայկաձորի գյուղական արխիվների համաձայն, ջրաղացը գործել է մինչեւ 1963 թվականը, եւ ոչ միայն հայկաձորցիք, այլեւ հարեւան գյուղերի բնակիչներն էլ են օգտվել այս ջրաղացից: Եկեղեցին վաղուց չի գործում: Միշա Ներսիսյանն էլ, որ հոգեւորականի թոռ է, որոշել է նորոգել ջրաղացը, շահագործել այն եւ ստացած եկամուտը ամբողջությամբ ուղղել եկեղեցու վերակառուցմանը: Անհրաժեշտ բոլոր ատյաններով անցնելուց եւ ջրաղացը վերանորոգելու եւ շահագործելու թույլտվություն ստանալուց հետո՝ 1993 թվականի ապրիլին Միշա Ներսիսյանը, մի «գեղեցիկ» օր, ջրաղացը քանդած է գտել: Քանդողը Ցոլակ Աբրահամյանն է, բայց քանի որ սահմանամերձ տարածք առանց գյուղապետի գիտության եւ թույլտվության ոչ ոք չէր կարող մտնել, Միշա Ներսիսյանը հակված է ենթադրել, որ ջրաղացը քանդվել է Հայկաձորի այն ժամանակվա գյուղապետ Պավել Գեւորգյանի կամոք: Ջրաղացի հետ միասին, ըստ Միշա Ներսիսյանի, քանդվել, թալանվել է հարեւան պոմպակայանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից Միշա Ներսիսյանին տեղեկացրել են, թե պոմպակայանը չի թալանվել, սակայն պարոն Ներսիսյանը առաջարկում է ստուգել իր հայտարարությունը: Դրանից հետո Հայկաձորում գյուղապետ են դարձել Գեւորգ Սարգսյանը, Արթուր Սարգսյանը: Հիմա գյուղապետը Պավել Գեւորգյանի որդին է՝ Ռուդիկ Գեւորգյանը:
Մեզ հետ զրույցում Միշա Ներսիսյանը Պավել Գեւորգյանի բացասական վերաբերմունքի մեկ վարկած ներկայացրեց: Գեւորգյանը ցանկացել է սեփական շահը ունենալ՝ մասնաբաժին ունենալ շահագործվելիք ջրաղացից, ինչին ինքը դեմ է եղել: Պավել Գեւորգյանն էլ որոշել է «պատժել» Միշա Ներսիսյանին: Բացի ջրաղացի հարցերը լուծելուց, հողի սեփականաշնորհման ժամանակ արդեն Երեւանի գրանցում ունեցող Միշա Ներսիսյանին հող չի տվել, թեեւ, համաձայն կառավարության որոշման, գյուղաբնակներին հողը տալուց հետո մնացած հողերը պետք է տրվեին գյուղի նախկին բնակիչներին: Հող չի մնացել, հայտարարել է գյուղապետը: Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին խորհրդային կարգերից առաջ հողեր է ունեցել, կան դրա վկայություն քարտեզներ, որոնց վրա «վանքի արտեր» անունով տարածքներ են պատկերված, բայց Պավել Գեւորգյանը եկեղեցուն էլ ոչ մի թիզ հող չի տվել:
Միշա Ներսիսյանը շարունակել է պայքարը: Հող է վարձակալել եւ մշակել: Բայց երբ այստեղ էլ են խոչընդոտներ «հայտնվել»՝ սահմանամերձ հողատարածք մտնելը պարբերաբար արգելվել է, հնձի եւ ջրելու ժամանակահատվածում տնից գողացել են հին եւ արժեքավոր ավետարանը եւ այլ գրքեր, Միշա Ներսիսյանը վաճառել է հայրական տունը եւ վերջնականապես հեռացել գյուղից: «Տղաս գնաց Ռուսաստան: Ասաց՝ պապ, եթե մեզ այստեղ չեն թողնում հող մշակել, ես ի՞նչ անեմ: Փաստորեն՝ տղայիս աքսորել են»,- նկատեց Միշա Ներսիսյանը:
Այս ամենից հետո Միշա Ներսիսյանը ընդամենը մի քանի հարց ուներ. «Վարձակալած հողը 13 տարի մշակել եմ եւ հարկերը վճարել եմ, Հայկաձորը ունի 2000 հեկտար հող: Սեփականատերերը ինձ նման պարտաճանաչ վճարո՞ւմ են հարկերը: Հնարավորություններիս սահմանում մասնակցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին: Նախկին եւ գործող գյուղապետերը ինչքա՞ն գումար են փոխանցել այդ հիմնադրամին»:
Գործող գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պոմպակայանը թալանելու, ջրաղացը քանդելու մասին հայտարարությունները անհիմն խոսակցություններ են՝ «պոմպակայանը մինչեւ հիմա գործում է, ես այնտեղից ջուր եմ հանում»: Միշա Ներսիսյանին հող չտալու մասին գյուղապետը ասաց. «Ես չգիտեմ այն ժամանակ ինչ է եղել, դրա համար էլ՝ չեն տվել»: Իսկ եկեղեցուն հող չտալու հարցին պատասխանելով, գյուղապետարանի գլխավոր մասնագետ Սաշա Եղոյանը ասաց. «1800 թվականներին ենք մենք դաշտեր ունեցել, որ «վանքի արտեր» են կոչվել: Ժողովրդի հիշողության մեջ որոշ բաներ մնացել են, բայց սովխոզի, կոլխոզի ժամանակ օգտագործվել է, հիմա էլ սեփականաշնորհվել է տարբեր մարդկանց, ուրիշ չկա»:
Նախկին գյուղապետ Պավել Գեւորգյանն էլ ասաց, թե Միշա Ներսիսյանի նշած պոմպակայանը ոչ թե թալանվել է, այլ կառուցողն ինքը շինարարությունը կիսատ է թողել ու պոմպերը տարել: Բայց գյուղը հիմա ունի աշխատող պոմպակայան: Պավել Գեւորգյանը ասաց, որ եթե ինչ-որ բան թալանվել է, ապա դա արել են Միշա Ներսիսյանի ազգական գյուղապետերը: