«Տեսուչը ապօրինաբար պարտքեր է գրել ինձ վրա, ինչի պատճառով էլ լույսս անջատել են, բայց ես այդ տանը չեմ բնակվում, մանավանդ ձմռան ամիսներին հարազատներիս մոտ եմ լինում, միայն օրվա ընթացքում գալիս եմ տեսնեմ՝ տունս ինչ վիճակում է եւ գնում եմ, ինչպե՞ս կարող է դատարկ տանը 18 հազար 800 դրամի լույս օգտագործվել: Հիմա օրերով լույս չունեմ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Էջմիածնի Աթաբեկյան 1-ին փակուղու թիվ 1 տան բնակիչ՝ 80-ամյա Սարայի Մանուկյանը: Նրա խոսքերով, տեսուչ Օգսեն Մկրտչյանն իր դեմ լարված է եւ անձնական դրդապատճառներով է իրեն անլույս թողնում ու մեծ պարտքերի տակ գցում: Ս. Մանուկյանի ներկայացմամբ, ինքը միայնակ թոշակառու է, ի վիճակի չէ այդ գումարները վճարել, հենց այդ պատճառով էլ հարազատների տանն է բնակվում, որպեսզի էլեկտրաէներգիա չծախսի: Այս առնչությամբ «Հայէլցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք կրկնակի ստուգման արդյունքում համոզվել են, որ կնոջ պարտքը կուտակվել է թերվճարումների արդյունքում. «Նա մեկ վճարել է, մեկ չի վճարել, կամ վճարել է կիսով չափ, դրա պատճառով էլ 51 հազար 775 դրամի պարտք է կուտակվել, որն անպատճառ ենթակա է վճարման: Մնացած հարցերով Ս. Մանուկյանը կարող է դիմել դատարան: Այս մասին մենք նրան տեղեկացրել ենք»:
Տիկին Սարայիի խոսքերով, ինքն էլ հենց այդ է ասում, որ իր հաշվին ավելի կիլովատներ են գրել. «Բողոքելուց հետո եկան ինձ հրավիրեցին մեր էլեկտրացանց, ու ինձ ցույց են տալիս իմ հաշվիչը, թե իբր տես՝ ամեն բան նորմալ է, բայց ես հո մասնագետ չեմ, որ հաշվիչին նայելով հասկանամ, որ ամեն բան նորմալ է, բա որ նորմալ է, ինչպես եղավ, որ ես, տանը չլինելով հանդերձ, այդքան հոսանք օգտագործեցի»: