Մի շարք գործարարներ վստահեցնում են, որ այսօր դեղի բիզնեսով զբաղվելը բավականին եկամտաբեր է, այդուհանդերձ, նրանց ներկայացմամբ, կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դեղագործական ոլորտում բիզնես ծավալելուն:
Երեկ Մոսկվայի տանը կազմակերպված «Առողջություն եւ դեղագործություն, Էքսպո-2009» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Առավոտը» զրուցեց մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ եւ բժշկական կլինիկաներ: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 50 տեղական եւ արտասահմանյան դեղագործական ընկերություն:
Դեղագործական ընկերությունները, ներկայացնելով իրենց ապրանքները, ծանոթանում էին նաեւ մրցակիցների տաղավարներին:
«Առավոտի» հետ զրույցում թեեւ մի շարք ընկերություններ վստահեցրին, որ ճիշտ է՝ նման ցուցահանդեսներ կազմակերպելը լավ է, սակայն ոլորտում անելիքներ շատ կան:
Մեզ հետ զրույցում Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Արմեն Աղայանցն ասաց, որ այսօր լուրջ խնդիր է դեղագործական բիզնեսում ավելացված արժեքի հարկ կիրառելը. «Պետք է ԱԱՀ-ի կիրառումն ամբողջ դեղագործական ոլորտի վրայից կամ վերացնեն կամ գոնե նվազեցնեն: Հարեւան պետություններում ոչ դեղահումքերի, ոչ դեղերի վրա ԱԱՀ չկա: Ստացվում է, որ հարեւան երկրների հետ անհավասար պայմաններով ենք մրցակցում եւ ընդհանրապես գնային իմաստով լրիվ մրցակցությունից դուրս ենք: Մեր շուկան փոքր է, եւ մենք մեծ ծավալի ապրանք չենք բերում, որպեսզի հենց սկզբից մեծ ծավալի դեպքում որոշ զեղչերով բերվի, ուստի ԱԱՀ-ն արդեն խնդիր է»: Պարոն Աղայանցի խոսքերով՝ խնդրի առնչությամբ դիմել են ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարություն. «Նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրեց եւ լուրջ փաստաթուղթ ներկայացրեց կառավարություն, որտեղ դեռ պետք է քննարկվի այդ փաստաթուղթը: Սակայն այսօրվա ճգնաժամի պայմաններում չեմ կարող ենթադրել, թե ի՞նչ ընթացք կստանա»: Ըստ Ա. Աղայանցի, ներմուծող ընկերությունների համար դեղ գրանցելն էլ բարդ գործընթաց է. «Շատ երկար է ժամկետը սահմանած կամ, ասենք, 10-օրյա ժամկետում արդեն պետք է գրանցված դեղի նոր պարտիան հաստատվի, էլի անիմաստ ձգձգվում է: Օրինակ՝ 10 օրվա ընթացքում ստուգում են, մեկ էլ փաստաթղթերից մեկը պակաս է կամ որեւէ կնիք, ստորագրություն չկա, այդ ընթացքում չեն ասում՝ տար կնիքը խփի բեր: Պարզապես չեն հաստատում, 10 օրից ասում են՝ սենց խնդիր կա, ստիպված այդ մարդիկ դեղի պարտիան հետ են ուղարկում, քանի որ 1 տարվա ժամկետից արդեն 3 կամ 10 օր պակաս է»: Ա. Աղայանցը նաեւ ասաց, որ համապատասխան մարմինների հետ բանակցում են, որպեսզի դեղի գրանցման գործընթացը պարզեցվի եւ հստակեցվի:
«Հայաստանը գտնվում է ներմուծվող դեղերի ազդեցության ներքո, քանի որ տեղական արտադրության դեղերը շուկայի ընդամենը 10%-ն են գրավում, այսինքն՝ 3500 գրանցված դեղերից 500-ը տեղական արտադրության նույնանման դեղեր են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք իրենց կլինիկական եւ որակական ազդեցությամբ չեն զիջում արտասահմանյան արտադրությանը: Մրցակցությունը բացարձակ առավել է, տեղականն ավելի էժան է: Այդ դեղերի 40%-ը արտահանվում է ԱՊՀ երկրներ, իսկ վատ դեղն ուղղակի չես կարող արտահանել»,- ասաց Արմեն Աղայանցը:
Ցուցահանդեսին ներկա «Ինատեկ» ընկերության ներկայացուցիչ Նաիրա Դոլյանն էլ վստահեցրեց, որ ԱԱՀ-ն նպաստում է, որպեսզի հարեւան երկրներից անօրինական ճանապարհով դեղեր ներմուծվեն, քանի որ հարեւան երկրներում ԱԱՀ չի գործում. «Երեւի մաքսայինը դա կշտկի: Պարզապես շուկան շատ փոքր է, ԱԱՀ-ն էլ ձեռնտու չէ: Եթե Ռուսաստանում ամեն ինչ վաճառվում է եւ շահույթ է լինում, ապա Հայաստանում այդպես չէ: Ինչ վերաբերում է դեղի գրանցմանը, պետք է ասեմ, որ Դեղգործակալությունում գրանցումը երկար է տեւում: Իսկ այդ ընթացքում շուկայից այդ դեղը բացակայում է, սպառողները հասցնում են մոռանալ: Դա մեզ համար հավելյալ ծախսերի է բերում, քանի որ նորից գովազդ ենք անում, բժիշկների հետ ենք աշխատում»:
Ի տարբերություն մյուս ընկերությունների, «Արգո ֆարմ» ընկերության ներկայացուցիչը Հայաստանի դեղագործական ոլորտը գնահատեց գերազանց. «Եթե մեր երկրի բոլոր ոլորտներն այս մակարդակի վրա լինեին, ինչպիսին դեղագործությունն է, ապա մենք կլինենք ամենաառաջատար երկրներից մեկը»: «Մեդսիս» բուժվերականգնողական կենտրոնի տնօրեն Գարեգին Համբարձումյանի խոսքերով էլ, քանի որ կենտրոնը 6-7 ամիս է գործում եւ նոր ժամանակակից մեթոդներ են կիրառում, ուստի որոշել են ցուցահանդեսին մասնացել: Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, պարոն Համբարձումյանը վստահեցրեց՝ ամեն ինչ կարգին է:
«Էկոլապ» ռուսական ընկերությունն էլ էր որոշել մասնակցել ցուցահանդեսին, որպեսզի ծանոթանա հայկական շուկային եւ օրենսդրությանը: Տատյանա Սոլովյովայի խոսքերով, չնայած դեռ առաջարկներ չեն ստացել, բայց շատ են հետաքրքրվում: Ցուցահանդեսում տաղավար ուներ նաեւ առողջապահության նախարարությունը: Ճիշտ է, դեղեր եւ սարքավորումներ չէին ներկայացվել, բայց նախարարությունը հպարտանում էր վերակառուցվող եւ նոր կառուցվող մի շարք կլինիկաների մակետներով: