Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ: Նրանք բողոքել են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, որը աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «7օր.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ: Շինարարներից մեկն ասել է, որ ի պատասխան իրենց բողոքի, կազմակերպությունից պատասխանել են, որ ճգնաժամ է, եւ իրենք չեն կարող համապատասխան չափով վճարումներ կատարել: «Ուզում եք աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք, այլ ցանկացողներ շատ կլինեն»,- պատասխանել են բանվորներին:

Բանվորների խոսքերով, փորձ է արվում օգտվել Գյումրիում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակից. «Շատերը չեն մեկնել Ռուսաստան, մնացել են էստեղ, աշխատանքը՝ քիչ, աշխատել ցանկացողները՝ շատ: Հիմա սրանք օգտվում են էդ հանգամանքից ու ինչ գին ցանկանում՝ դնում են: Մարդ 50-60 հազար դրամով ո՞նց ընտանիք պահի»: Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանն ասել է, որ, իրենց հաշվարկներով, շինարարը ամսական ստանալու է 150-170 հազար դրամ աշխատավարձ: Նրա խոսքերով, իրենք կառուցապատման 1քմ-ն գնահատել են 2 հազար դրամ. «Եթե ամսական 70-75 քառակուսի մետր գործ անեն՝ կստացվի իմ նշած թիվը»:

Շինարարները որոշել են երեքշաբթի օրը հավաքվել մարզպետարանի դիմաց՝ իրենց բողոքը ներկայացնելու մարզային իշխանություններին: Նշենք նաեւ, որ «Գլենդել Հիլզում» ներկայումս գրանցված է մոտ 1500 շինարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել