Լրահոս
Օրվա լրահոսը

Չշահած ՀԴՄ կտրոնները եւս կշահեն

Ապրիլ 11,2009 00:00

Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանություն կազմակերպելու գաղափարն այնքան էլ չի արդարացնում ակնկալվող սպասելիքները, քանի որ յուրաքանչյուր ամիս հազարավոր կտրոններից հատուկենտ շահումներ են գրանցվում, մեր կառավարությունը որոշել է այլ մեթոդի դիմել: Որպեսզի վիճակահանությունից հիասթափված քաղաքացիները գնումներ կատարելիս շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոնները, որոշվել է նրանց խրախուսել: Սկսած այս տարվա ապրիլի 1-ից, չշահած կտրոնները դեն նետելու փոխարեն պետք է խնամքով պահել, քանի որ դրանցով եւս կարելի է որոշ գումար «վաստակել»: Այսուհետեւ, երեք ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դրամը, ապա պետությունը, որպես բոնուս, սպառողին կվերադարձնի այդ գումարի 2,5%-ը՝ 2500 դրամը: Սա շահում ստանալու համար սահմանված նվազագույն շեմն է, 99 հազար դրամ կամ քիչ առեւտուր կատարած քաղաքացիները այդ գումարից ոչ մի կոպեկ հետ չեն ստանա: 50 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում, քաղաքացին կստանա 6 հազար դրամ, իսկ եթե նույն քանակի կտրոններով կատարած առեւտրի ծավալը անցնում է 300 հազար դրամից, ապա քաղաքացին կարող է ստանալ 10 հազար դրամ: Նույն կերպ 100 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում՝ հետ կտրվի 5 հազար, 400 հազարի դեպքում՝ 12 հազար, իսկ 600 հազարի դեպքում՝ 20 հազար դրամ:

Կտրոնների քանակի եւ ֆիքսված առեւտրի ծավալների մեծացմանը զուգահեռ, մեծանում է նաեւ մրցանակային ֆոնդը. օրինակ՝ 3 ամսվա ընթացքում 1 000 կտրոն ունենալու դեպքում, որոնցով ֆիքսված առեւտրի ծավալը 6 մլն դրամ է, քաղաքացին կստանա 200 հազար դրամ:

Մեր քաղաքացիների մեծ մասը կարող է հավակնել միայն լավագույն դեպքում 50 կտրոնով 100 հազար դրամ հավաքելուն, իսկ նրանք, ովքեր 3 ամսվա ընթացքում կատարում են 6 միլիոն եւ ավելի դրամի առեւտուր, թերեւս այնքան էլ չտարվեն բոնուս ստանալու գաղափարով:

Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, այս նորամուծության նպատակն այն է, որ կտրոն պահանջելու հարցում մեր քաղաքացիները ավելի շահագրգիռ լինեն, բացի այդ, հետեւեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա նշված լինի իրենց կատարած առեւտրի իրական գումարը. «Արդյունքում կմեծանա հարկային մարմիններին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած շրջանառությունը, այդպիսով՝ նաեւ հարկերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել