Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԹԱՆԿԱՑՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Ըստ ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մինչ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքային իշխանությունները չեն թույլատրի բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը:

Համաձայն 2001-ից գործող կարգի, հանրային տրանսպորտի որեւէ երթուղու մրցութային փաթեթում սահմանված սակագինը փոփոխելու համար երթուղին սպասարկող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի համապատասխան գերատեսչությանը՝ տնտեսապես հիմնավորելով սակագնի փոփոխության անհրաժեշտությունը:

Եթե Երեւան քաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից մինչ օրս ոչ մի հայտ չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ապա միջմարզային երթուղիները սպասարկող 18 ընկերություն արդեն իսկ ուղեվարձի փոփոխման հայտով դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ պահանջելով 35-40%-ով բարձրացնել ներկայիս ուղեվարձը: Հայտում ներկայացված հիմնավորումները պետք է ուսումնասիրվեն եւ 15-30 օրվա ընթացքում նախարարության մրցութային հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում:

Նշենք, որ անցյալ օրերի ընթացքում որոշ միջմարզային երթուղիների վարորդներ կամայական ձեւով բարձրացրել էին ուղեվարձերը, բողոքելով, որ գծատերերը հաշվի չեն առել թանկացումները եւ չեն վերանայել իրենց վրա դրված օրավճարի պլանը, ուստի իրենք ստիպված են գնալ այդ քայլին՝ վնասով չաշխատելու համար: Նույն դժգոհությունն առկա է նաեւ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող վարորդների մոտ, մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ուղեվարձերի թանկացման մասին առայժմ խոսք չկա: Ավելին, ըստ նրա, Երեւանի որեւէ երթուղում չի գրանցվել ուղեվարձի կամայական թանկացման դեպք: Ուշագրավ է, որ նույն գնով գազ լիցքավորող միջմարզային երթուղիների համար առկա սակագինն այլեւս շահութաբեր չէ, իսկ Երեւանի երթուղիները սպասարկող ընկերություններն առայժմ շարունակում են աշխատել այդ սակագնով:

Ամենահավանական պատասխանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին՝ գործող քաղաքապետի կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացումը բացասական արձագանք կառաջացնի հանրության շրջանում, ինչն էլ կանդրադառնա ընտրությունների պատկերի վրա: Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով մայրաքաղաքի երթուղային տաքսիների սակագինը փոփոխվեց՝ 100 դրամից դառնալով 130 դրամ, դա առաջացրեց հանրության բուռն դժգոհություն եւ ընդամենը մի քանի օր անց քաղաքային իշխանությունները ստիպված եղան վերադառնալ հին սակագներին: Եվ եթե այն ժամանակ երեսուն դրամով թանկացումներն առաջացրին բողոքի ալիք, ապա ներկա լարված սոցիալ-տնտեսական իրավիճակում ուղեվարձի 50 դրամով թանկացումը կարող է սոցիալական բողոքի նոր ալիք առաջացնել, որը, բնականաբար, առաջին հերթին բացասաբար կանդրադառնա նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի «ռեյտինգի» վրա: Ուստի, քաղաքային իշխանություններն ամեն կերպ կփորձեն մինչեւ ընտրությունները անփոփոխ թողնել հանրային տրանսպորտի սակագները: Սակայն արդեն դրանից հետո, ըստ երթուղային տաքսիների գծատերերի, ուղեվարձերի բարձրացումն անխուսափելի է:

Եթե հանրային տրանսպորտի սակագների փոփոխությունը կախված է պետական ատյանների որոշումից, ապա տաքսի ծառայություններ իրականացնող ընկերությունները, որպես անկախ տնտեսվարող սուբյեկտներ, ազատ են փոփոխելու իրենց ծառայությունների սակագինը: Սակայն այստեղ եւս մինչ օրս գործում են նախկին սակագները, թեեւ գրեթե բոլոր տաքսի ծառայությունների ղեկավարները հայտարարում են, որ ներկայումս աշխատում են գրեթե զրոյական շահույթով: Ըստ «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանի, առայժմ տաքսի ծառայությունները չեն բարձրացնում իրենց սակագները, քանի որ ճգնաժամի արդյունքում արդեն իսկ զգալիորեն կրճատվել է տաքսի ծառայություններից օգտվողների թիվը: Եվ եթե հիմա տաքսիները, առաջ ընկնելով հասարակական տրանսպորտից, բարձրացնեն իրենց սակագները, ապա այդ դեպքում իրենց ծառայություններից օգտվողների թիվն էլ ավելի կկրճատվի: Հետեւաբար՝ իրենք ստիպված են առժամանակ սպասել, մինչեւ կհստակեցվի հանրային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման հարցը:

Տեղեկացնենք, որ հնարավոր թանկացումների դեպքում առավել հավանական համարվում է երթուղային տաքսիների դեպքում՝ 150, իսկ տաքսի ծառայությունների դեպքում՝ 1կմ-ն 150 դրամ դարձնելու տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել