Համոզված է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը
– Եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները հանգեցնեն սահմանի բացմանը՝ ի՞նչ կտա դա մեզ:
– Քաղաքական տեսանկյունից անախրոնիզմ է, երբ պետությունը գտնվում է շրջափակման մեջ՝ իր հարեւանների կողմից: Ուրեմն բացումն, ինքնին, նշանակում է քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների առողջացում. դա շատ կարեւոր գործընթաց է: Տնտեսական առումով՝ գյուղատնտեսական ապրանքներով եւ էժան այլ ապրանքներով Թուրքիայի կողմից կարող է հեղեղվել Հայաստանը, որը վտանգ կառաջացնի մեր ազգային արդյունաբերության նկատմամբ՝ նման բան գոյություն չունի: Որովհետեւ շրջափակման տարիներին ձեւավորված մեր տնտեսությունը յուրահատկություններ ունի, որտեղ չի տեղադրվում թուրքական ապրանքը: Մեր գյուղացիության 70 տոկոսը սովորել է բնամթերքով ապրելու սկզբունքին՝ ինքն արտադրում է, կուտակում իր ընտանիքի համար եւ իր ընտանիքը պահում: Մնացած 30 տոկոսը, որը որ գյուղատնտեսական արտադրության մեջ շրջանառվում է՝ տոմատի մածուկներ, հյութեր, չիր եւ այլ ապրանքների արտադրության բնագավառում նույնպես վտանգավոր ախոյան չի ունենալու, որովհետեւ այդ արտադրատեսակներն իրենց որակական հատկանիշներով այնքան են տարբերվում, որ թուրքական պոմիդորը այստեղ պարզապես շուկա չի գտնի: Այն սննդամթերքները, որոնք ծավալներ են զբաղեցնում եւ կարող են տնտեսական միջավայրի վրա ազդեցություն թողնել, ասենք՝ խաղողը, ծիրանը, դեղձը, նույնպես աշխատող տարրեր չեն: Այսինքն՝ թուրքական սահմանի բացումը ոչինչ չի փոխելու գյուղատնտեսության բնագավառում: Արդյունաբերության բնագավառում՝ հեշտացնելու եւ էժանացնելու է ներկրումը, իջեցնելու է գները: Ինչ վերաբերում է հայրենական արտադրության ապրանքների տեղափոխման խնդիրներին, այստեղ մենք իսկապես շահելու ենք, որովհետեւ ուղիղ գծով Միջերկրական ծով, հարեւան երկրներ կարող ենք դուրս գալ: Վրացական միակ ճանապարհի վտանգներից խուսափելն արդեն մեծ հաղթանակ է: Չնայած ես հակված եմ այն մտքին, որ չպետք է հանգստանալ եւ պետք է ամեն ինչ անել՝ իրանական ճանապարհը բացելու համար: Իրանական երկաթգիծը վերջնականապես եւ մեկընդմիշտ կլուծի մեր մեկուսացման խնդիրը:
– Իսկ քաղաքական առումով արդյոք վտանգավոր չէ՞, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման «կնքահայրերը» Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն են: Արդյոք կորուստ չե՞նք ունենա ԼՂՀ հարցում:
– Երբ մենք խոսում ենք մեր քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հարաբերությունները մեր հարեւանների հետ բարելավելու մասին, մենք պետք է ելնենք մեր իսկ խնդիրներից եւ պահանջներից՝ միջնորդ օգտագործելով հնարավոր բոլոր երկրներին ու պարտնյորներին: Եթե այդ երկրներն այսօր ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն են, ապա թող լինեն նրանք: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք ուղղորդեն մեր դիվանագիտական կամ քաղաքականության ձեւավորման գործընթացները: Ուղղորդման խնդիրն, ի դեպ, չի վերաբերվում միայն այս հարցին: Ընդհանրապես, եթե մենք սահմանադրական պետություն ենք եւ ունենք մեր պետությունը կայուն, հզոր համակարգի վերածելու միտումներ ու ցանկություն, ապա մեզ մնում է մի բան՝ ամեն մի քայլը անելիս ելնել մեր շահերից՝ հաշվի առնելով մյուսների շահերը: Որեւէ խնդիր չկա, թե Թուրքիան, ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն ինչ են ուզում: Կարեւոր է, թե մենք՝ հայերս եւ հայոց իշխանությունն ինչ ենք ուզում: Եթե մենք որոշել ենք, որ պիտի տրվենք ինչ-որ մեկի քաղաքական խաղերին, ապա ոչ միայն այս հարցում, այլեւ, ընդհանրապես, կործանված ենք: Եթե մենք ունենք հաստատուն նշագծեր եւ գնում ենք դեպի դրանք՝ ապա մենք որեւէ խնդիր կամ որեւէ մեկից վախենալու հարց չունենք:
– Ի զորո՞ւ է ներկայիս իշխանությունը չտրվելու: Նման վարքագիծ տեսնո՞ւմ եք:
– Ի զորո՞ւ էինք մենք այդքան հզոր հակառակորդին, ինչպիսին Ադրբեջանն է, հաղթելու՝ այդքան փոքր ուժերով: Ի զորու էինք, որովհետեւ այդպես էինք ուզում ազգովին: Չկա այդպիսի խնդիր, որ մեր փոքր ազգը չկարողանա լուծել, եթե ազգովին ցանկանա: Եթե ազգովին որոշենք, որ պիտի կործանվենք՝ կկործանվենք: Բայց եթե այսօր որոշել ենք, որ պիտի գոյատեւենք՝ ցանկացած միջոց, դիվանագիտական մոտեցում, քաղաքականություն, երկրի կամ միջազգային կազմակերպության օժանդակություն հիմնավորված է եւ ճիշտ: