Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Այս շաբաթ խորհրդարանի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մի տվյալ ներկայացրեց, թե վերջին 6 ամսում փողերի լվացման 15 հանցագործություն է բացահայտվել, եւ արդեն կան դատավճիռներ: Սա առիթ տվեց, որ վերհիշենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված նույն մեղադրանքը, որը նախ միացրին «Մարտի 1»-ի գործին, հետո էլի անջատեցին: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ փուլում է այս գործը՝ Մնացական Սարգսյանը պատասխանեց. «Նախաքննությունն ընթացքի մեջ է: Հարցում է ուղարկվել Ռուսաստանի դատախազություն, որպեսզի այնտեղ կատարվեն քննչական համապատասխան գործողություններ եւ մեզ տրամադրվեն: Առ այսօր մենք դրանք չենք ստացել, որպեսզի վերջնական գնահատական տանք»: Նկատեցինք, թե հարցումը շուրջ մեկ տարի առաջ է ուղարկվել, եւ գլխավոր դատախազի տեղակալն ասաց. «Մենք երկու անգամ հիշեցումներ ենք ուղարկել»: Հարցին, թե ինչպե՞ս է պատճառաբանում, որ ՌԴ դատախազությունն այս հարցում չի համագործակցում իր հայ գործընկերների հետ՝ Մնացական Սարգսյանը պատասխանեց. «Մենք պաշտոնապես կատարում ենք հարցումները եւ սպասում պաշտոնական պատասխանին: Թե ինչու ռուսական կողմը չի պատասխանում՝ ցավոք սրտի, չեմ կարող ձեզ ասել: Հաջողություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել