Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞վս մի քաղբանտարկյալ

Ապրիլ 11,2009 00:00

Այս անգամ «վիրավորողն» ու «դիմադրողը» նախկին ոստիկան է

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը եւս մեկով ավելացավ: ՀՀ ՔՕ 136 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «վիրավորանք», նախատեսված արարքներ կատարելու մեջ առայժմ միայն որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի նախկին ոստիկան Աշոտ Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ նա հրապարակայնորեն այրել էր ոստիկանի իր վկայականն ու միացել Համաժողովրդական շարժմանը: Նա եւ իր ընկերը՝ Մխիթար Հարությունյանը, ոստիկանության նույն բաժին բերման էին ենթարկվել ապրիլի 9-ին՝ Թումանյան փողոցից: Մ. Մխիթարյանը եւս կասկածվում է «վիրավորանք» հոդվածով, բայց նրան ազատ են արձակել՝ ՀՀ-ից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելուց հետո: Դատելով բերման ենթարկելիս Ա. Թադեւոսյանի նախկին գործընկեր ոստիկաններից մեկի բնորոշումից՝ «դավաճան», պետք է եզրակացնել, որ այս օրերին երեւանցիները այլեւս բաժանված են երկու մասի՝ «դավաճանների» ու ոստիկանների: Լ. Զուրաբյանի վկայությամբ, իսկ վերջինս, իր ասելով, ականատես է եղել, որ Ա. Թադեւոսյանին բերման ենթարկելիս ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, հարվածել են: Նույնը պնդել է ինքը՝ նախկին ոստիկանը, ասելով, որ հարվածներ է ստացել ծնոտին եւ մարմնի այլ հատվածներին, ու փոխարենը նախկին ոստիկանը հերքել է, թե ինքը վիրավորել կամ հարվածել է որեւէ իրավապահի: Ոստիկանությունում, սակայն, պնդում են, որ նա բացի ոստիկանին վիրավորելուց, նաեւ պատռել է նրանցից մեկի համազգեստը: Երեկ ձերբակալվածը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: 72 ժամվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, Ա. Թադեւոսյանը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ նրան պետք է մեղադրանք առաջադրվի:

Լեւոն Զուրաբյանը անդրադարձել է Հյուսիսային պողոտայում վերջին երեք օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացվող բռնություններին եւ դրանք որակել որպես հակասահմանադրական եւ ապօրինի: Նրա դիտարկմամբ, իշխանությունները գիտակցում եւ իրենց համար լրջագույն վտանգ են համարում ժողովրդի ընդվզման ալիքի ծավալումը: «Քանի որ իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, նրանք փորձում են բոլոր հնարավոր ընդվզումները խեղդել հենց սաղմնային վիճակում»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե՝ իշխանությունները չեն հասկանում, որ ծայրահեղ լարված վիճակից դուրս գալու համար պետք է դիմել ոչ թե բռնությունների, այլ երկխոսության գնալ ընդդիմության հետ, լեզու գտնել ժողովրդի հետ, որովհետեւ բռնություններով իրենք որեւէ հարց լուծել, մարդկանց ճնշել ու լռեցնել այլեւս չեն կարող: Հարցին, թե՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է աշխատելու Սերժ Սարգսյանի նախագահության պայմաններում, Կոնգրեսի համակարգողն ասաց, թե այդ ու մի շարք այլ հարցերի կպատասխանի անձամբ Լ. Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել