Մեկնաբանություններ Հյուսիսային պողոտայում կատարվածին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ռադիոլուրին» պարզաբանելով, թե ինչու է արգելվում քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա՝ ասել էր, թե ստացվել են դիմումներ մասնավորապես «Ecco» եւ «Guess» խանութների, նաեւ՝ «Հին Երեւան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեններից, որոնք նշում են. «Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում քաղաքացիների տեւական կուտակումներ, որոնք խանգարում են շրջապատի բնակչության հանգիստը, առեւտրային կետերի հաճախորդների անդորրը, նրանց պահում մշտական լարվածության մեջ»: Ըստ Սայաթ Շիրինյանի, այս դիմումներից հետո՝ «Հյուսիսային պողոտայում կուտակված քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն, այդ թվում նաեւ Լեւոն Զուրաբյանը: Եվ նրանց պարզաբանվել է, որ Հյուսիսային պողոտայում կուտակումներ չառաջացնեն, չխանգարեն քաղաքացիների հանգիստը»: Բացի այն, որ քաղաքական զբոսանքների մասնակիցները խախտում են խանութներում անդորր վայելող հաճախորդներին` ՀՀ ոստիկանապետի խոսնակը մի փաստարկ էլ էր նշել. «Այսքան ժամանակ էդ մարդիկ առեւտուր չեն կարողանում կազմակերպել ու ֆինանսական մեծ կորուստներ են կրում»: Միջանկյալ նկատենք, որ եթե «Ecco» եւ «Guess» խանութներում պահպանվեն նույն չպատճառաբանված բարձր գները՝ նրանց առեւտրին չի կարողանա նպաստել ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ բանակը: Լրագրողի ենթադրությանը, թե այլեւս չի՞ թույլատրվում հավաքվել Հյուսիսային պողոտայում՝ Սայաթ Շիրինյանն այսպես էր արձագանքել. «Դուք ճիշտ հասկացաք»:
Երեկ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերից «Առավոտը» հետաքրքրվում էր՝ գուցե Հայաստանում դեռեւս պահպանվո՞ւմ է արտակարգ դրությունը, որի ժամանակ էին արգելված կուտակումները եւ 3 հոգուց ավելի խմբերով հավաքվելը: Նախ մեջբերենք այն պատասխանը, որը տարբերվում էր մնացած բոլորից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Որեւէ նման իրավիճակ երկրում չկա, դրա պատճառն էլ չկա: Իսկ ինչ է կատարվել Հյուսիսային պողոտայում կամ Երեւանի այլ հատվածներում՝ ճիշտն ասած, այդ մասին ձեզնից եմ հիմա տեղեկանում: Չեմ կարծում, որ դա այնքա՜ն հասարակական եւ քաղաքական աղմուկ է հանել, որ հայտնի դառած լիներ բոլորին»: Նրա կողքին նստած ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրացրեց. «Ցանկացած դեպքում՝ լինի Հյուսիսային պողոտայում կամ Հայաստանի այլ տարածքում, ազատ շարժն ու խոսքի ազատ արտահայտումը սահմանափակելը բնականաբար դատապարտելի է: Այլ խնդիր է, թե յուրաքանչյուր դեպքում ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել»:
Կատարվածին տեղյակ էր նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Երեկ այդ մասին իմացել եմ եւ դատապարտում եմ նման մոտեցումները, որովհետեւ եթե մարդկանց կուտակումներ են, չգիտեմ, խաղաղ ցույցեր են, խաղաղ միտինգներ կամ իրենց համար հանգիստ կանգնած են եւ որեւէ կարգ չեն խախտել՝ ինչի՞ համար կարող են մարդկանց ձերբակալել կամ բռնել։ Ես ուղղակի դատապարտում եմ նման մոտեցումը՝ ով ուզում է լինի»:
Բնականաբար, կատարվածին ամենալավատեղյակը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, որն ասաց. «Ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքի սահմաններում, այլ օրենքից դուրս, եւ մարդկանց կուտակումներ թույլ չտալու կամ այնտեղ զբոսնելն արգելելու վերաբերյալ բոլոր մեկնաբանություններն անհիմն են ու ապօրինի: Ես ականատես եմ եղել, թե ինչպես ապրիլի 8-ին 10 մարդ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք. նրանցից 6-ը կանայք էին, 4-ը՝ տղամարդ, որոնցից մեկը նաեւ անչափահաս էր: Որեւիցե հիմնավորում, որեւիցե օրինական պահանջ նրանց ներկայացված չի եղել: Փաստաթղթերը չեն կազմվել օրենքի սահմաններում, եւ նրանք փաստացի 3 ժամ գտնվել են ոստիկանական բաժանմունքում ապօրինի անազատության մեջ»:
Տեղի ունեցածի վերաբերյալ մտահոգություն արտահայտեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Մասնավորապես ինձ համար շատ անհասկանալի էր Դավիթ Ջալալյանի հետ կապված միջադեպը, որովհետեւ այդ տղային ես ճանաչում եմ եւ ուղղակի չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է անկարգությունների մասնակից լինել կամ անկարգություններ արած լինել: Արմեն Աշոտյանը հանձնաժողովի անունից զրուցել է ոստիկանապետի հետ՝ մասնավորապես Դավիթի հետ կապված միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ոստիկանապետի պատասխանը եղել է, որ թյուրիմացություն կա, քանի որ Դավիթը գնացել է Կենտրոնի ոստիկանություն եւ գրել, որ իրեն ոչ մեկը չի վնասել եւ այլն: Այդուհանդերձ, ես փորձելու եմ ավելի մանրակրկիտ տեղեկանալ, թե իրականում ինչ է եղել: Մի բան հստակ է՝ եթե մարդիկ որեւէ օրենք չեն խախտել, ապա նրանք պետք է իրավունք ունենան ազատ կազմակերպել ցույցեր՝ օրենքի սահմաններում»:
Ինչպես միշտ՝ ինքնատիպ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն «Ա1+»-ի թղթակցի հանդեպ բռնարարքի կապակցությամբ բառացի ասաց. «Մեզ մոտ արդեն դարձել է լրագրող հասկացողությունը շառից, փորձանքից հեռու մնալ: Լրագրողը ամեն ինչ կարող է անել՝ նույնիսկ որոգայթներ լարել, բայց հասարակությունը կամ մարդիկ պիտի անպայման հեռու փախչեն լրագրողից: Զանգվածային միջոցառումները պետք է շատ կոռեկտ կատարվեն: Գոնե եթե իշխանությունների դեմ է ուղղված լինում՝ ոստիկանի համազգեստը պետք է հարգել: Ինչքան համեստ լինեն իրենց խնդիրները առաջադրելուց, այնքան էլ կշահի մեր պետությունը»: