ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է։ Մյուս կողմից՝ ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է՝ դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է»: Առկա դժվարություններն էլ Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու մասի, որից մեկը ճգնաժամն է, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի, Թուրքիայի ճնշման ավելացումը. «Այս ամենը օբյեկտիվ դժվարություններ են ստեղծում մեզ համար: Բայց ակնհայտ է, որ կան նաեւ սուբյեկտիվ դժվարություններ, որոնք կարելի է կապել ժողովրդավարությունը, որպես հասկացություն, տարբեր կերպ ընկալելու հանգամանքով: Գաղտնիք չէ, որ տարբեր քաղաքական ուժեր ժողովրդավարության տակ տարբեր բաներ են հասկանում: Բնական է, որ այս տարաձայնությունները՝ ժողովրդավարության էության եւ զարգացման ուղիների մասին, կան նաեւ կոալիցիայի մեջ»: