Տիրոջ խաչելություն եւ թաղում
Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով:
Խավարում. Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց՝ մարդկության փրկության եւ մեղքերի քավության համար:
Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծ՝ նրանց միջեւ: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ եւ Սբ. Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը՝ յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, եւ հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը եւ փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ:
Որբաթ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։