Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Անլեգալ հաստատվելու արդյունքը

«Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, չնայած ճակատագիրն իմ հանդեպ քմահաճ եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր՝ 32-ամյա Աննա Ալավերդյանը:

Դեռեւս 1993-ին՝ դպրոցն ավարտելիս, Աննայի նպատակներն ու ապագայի հետ կապված պլաններն այլ էին՝ պարապմունքներ, ընդունելության քննություններ, երազանք՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի:

«Դպրոցն ավարտելուց հետո, անկախ իմ կամքից, սխալ դասավորվեց կյանքս, ես, համենայնդեպս, այդպես չէի պլանավորել: Ամուսնացա մի մարդու հետ, ում չէի ճանաչում: Դա իմ ընտրությունը չէր: Ամուսնացա առանց սիրելու, բացարձակ չեմ հասկացել սիրելն ինչ է: Այդ ժամանակ ծնողներս ամուսնալուծված էին, հայրս բնակվում էր Գերմանիայում: 13 տարեկանից նրան չէի տեսել, ոչ էլ նրա մասին լսել էի: Ամուսնուս եղբայրը նույնպես գտնվում էր Գերմանիայում: Որոշվեց, որ մենք էլ պետք է Հայաստանից հեռանանք ու հաստատվենք Գերմանիայում: Պատանեկությունս դրեցի մի կողմ ու, այսպես ասած, միանգամից մեծացա. 17 տարեկանում մայրացա: Գերմանիա գնալու գաղափարն ինձ շատ դուր եկավ, բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանից պետք է հեռանանք եւ ինչպես այն ժամանակ էին ասում՝ արտասահմանում ապրենք, դառնանք արտասահմանցի, այլ՝ ես գնում էի այնտեղ, որտեղ հայրս էր: Մի գրասենյակ կար, որը զբաղվում էր հայերի տեղափոխմամբ: Պարզվեց, որ նախ պետք է մեկնենք Լեհաստան, այնտեղից էլ՝ Գերմանիա, բայց արդեն մեքենայով: Մեկնեցինք չորս հոգով՝ ես, ամուսինս, նրա եղբայրն ու եղբոր ընկերը: Երբ հասանք Լեհաստան, իմացա, որ մեր տեղափոխումը Գերմանիա՝ անօրինական ճանապարհով է իրականացվում. Լեհաստանում կար Շելցինի առեւտրի կենտրոն, որի միջոցով հայերն անլեգալ ճանապարհով անցնում էին Գերմանիայի սահմանը: Տարբեր ճանապարհներով էր կենտրոնը սահմանն անցկացնում՝ գետով, որը շատ վտանգավոր էր եւ շատերն էին խեղդվել այն անցնելիս, երեխաները գրկներին, նաեւ մեքենայով: Իսկ այդ ամենի դիմաց մեծ գումարներ էին պահանջում: Մեզ պետք է անցկացնեին մեքենայով»,- պատմում է Աննան: Նրա խոսքով, այդ ժամանակ գտնվում էր հղիության 8-րդ ամսում. «Վիճակս արդեն շատ ծանր էր, ոչ ոքի ոչինչ չէի ասում, ոչինչ չէի հարցնում, թե ինչու ենք անլեգալ անցնում եւ այլն: Ես այդտեղ ձայնազուրկ մարդ էի, իմ կարծիքը ոչ ոքի, մասնավորապես ամուսնուս՝ չէր հետաքրքրում: Ինչ ասում էին, դա էլ անում էի: Որոշվեց անցնելու օրը, ժամն ու վայրը: Մեզ մի քանի մեքենայով պետք է անցկացնեին սահմանը: Առաջին մեքենայի մեջ մեր իրերն էր: Ես՝ դեռահասի մտածելակերպով, ինձ հետ ամեն տեսակի իր, հագուստ էի վերցրել, երկրորդում մենք էինք՝ փախստականներս, երրորդի մեջ էլ՝ մեզ ուղեկցող լեհերի խումբը: Երբ հասանք սահմանին, սահմանային հսկիչը առաջին մեքենան ստուգելիս նկատեց, որ մեքենայում միայն վարորդն է եւ վարորդին չպատկանող մեծ քանակությամբ իրեր, ճամպրուկներ: Այնուամենայնիվ, նրան թույլ տվեց անցնել առաջին սահմանը, բայց անմիջապես կապ հաստատեց երկրորդ սահմանային հսկիչի հետ, տեղեկացնելով, որ կասկածելի վարորդ է գալիս եւ, որ դրան հաջորդող, այսինքն՝ մեր մեքենան նույնպես կանգնեցնեն: Երկրորդ հսկողության ժամանակ մեզ մեքենայից իջեցրին՝ պահանջելով մեր անձնագրերը, որոնցում Գերմանիայի վիզա չունեինք: Փորձեցինք համոզել, որ տուրիստներ ենք, բայց ապարդյուն: Մեզ ձերբակալեցին: Ես՝ 8-ամսական հղի, ձեռքերիս շղթաներ հագցրած, մյուսների հետ հայտնվեցի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ամեն մեկիս առանձին խցում փակեցին՝ մինչեւ մեր ով լինելը ճշտելն ու ետ ուղարկելը: Այս պարագայում ավելի շատ տուժող կողմը ես էի՝ լեզու չգիտեի, մոտս գումար չկար, հղի էի, իսկ այդ խցում ընդամենը մեկ երկար երկաթյա ձող էր, որի վրա ես պետք է գիշերեի»:

Ըստ մեր զրուցակցի՝ նա իր հետ կատարվածի համար ոչ ոքի չի մեղադրում: Աննայի խոսքերով, ինքը դեռ երեխա էր ու չէր էլ հասկանում, թե ինչ է կատարվում ու նույնիսկ չէր էլ վախենում: Ըստ նրա. «Մի գիշեր խցում անցկացնելուց հետո, մեզ առանձին-առանձին քննեցին ու ետ ուղարկեցին Լեհաստանի ոստիկանության բաժանմունք: Այդտեղ էլ իմացանք, որ մյուս օրն առավոտյան մեզ «դեպորտ» են անելու Հայաստան: Ամուսնուս եղբայրը անհանգստացած, որ մենք պետք է այդ գիշերը լուսացնենք խցում, ինձ խնդրեց՝ ձեւացնել իբր արդեն երկունքիս ցավերը բռնել են: Ես այնպես սկսեցի դեր տանել, ասես անդիպլոմ դերասանուհի լինեի: Մենք այնպես խաղացինք, որ ինձ մի պահ թվաց՝ իրոք իմ ցավերը բռնել են: Մեզ հսկող ոստիկանն ինձ խղճաց եւ անմիջապես մեքենա պատվիրեց, ինքն էլ անձամբ մեզ ուղեկցեց կայարան: Երկրորդ անգամ փորձեցինք սահմանն անցնել: Նորից նշանակվեց օր, ժամ եւ վայր. նույն տեղում պետք է հանդիպեինք, բայց այս անգամ ոչ թե մեքենայով, այլ ոտքով: Այս անգամ պետք է անտառի միջով անցնեինք, որպեսզի դուրս գայինք մայրուղի, որտեղ էլ մեզ պետք է դիմավորեին: Գիշերով դուրս եկանք: Երբ արդեն պատրաստվում էինք մտնել անտառ, նկատեցինք հեռվից եկող ոստիկանական մեքենա: Անմիջապես պառկեցինք հատակին, խոտերի մեջ, որպեսզի չնկատեն: Այդ մեքենան անմիջապես կանգնեց մեր դիմաց: Մեկ ժամ անց նրան միացավ մեկ այլ ոստիկանական մեքենա: Տեսնելով, որ ուրիշ ելք չկա, ամուսնուս եղբայրը որոշեց, որ պետք է ճանապարհը սողալով անցնենք՝ նրանց շրջանցելով, եւ մտնենք անտառ: Թե ինչպես եմ ես այդ վիճակում սողալով ոստիկանների ետեւով անցել այդ ճանապարհը, չեմ պատկերացնում: Կարծես անտեսանելի էինք դարձել: Մի կերպ մտանք անտառ, մոտ 20 կիլոմետր այդպես սողալով անցանք, լուսաբացին մտանք Յեննա քաղաք: Մեզ դիմավորեցին, ուղեկցեցին ճամբար, որտեղ էլ պետք է հաստատվեինք»:

Աննան դժգոհեց, որ բոլոր այդ դժվարությունների ժամանակ ամուսնու կողմից իր հանդեպ հոգատարություն ու աջակցություն չի նկատել. «Ես ծննդաբերեցի: Կարելի էր ասել, որ կյանքս պետք է լիարժեք դասավորվեր՝ բոլոր այդ դժվարություններից հետո, բայց, ցավոք, ամբողջ այդ իրադարձությունների ընթացքում նրա սերն ու ուշադրությունը չզգացի: Մենք ասես ամուսիններ չլինեինք: Նրան անգամ մեր երեխան չէր հետաքրքրում: Նա այնտեղ խառնվեց նարկոբիզնեսի աշխարհին, սկսեց թմրանյութեր օգտագործել, ինչին հաջորդեց խմիչքը, ծեծ ու ջարդերը, վեճերը… Դրանք ինձ համար անծանոթ երեւույթներ էին: Միակ ուրախությունս երեխաս էր, մեկ էլ հայրս՝ ում վերջապես հանդիպեցի: Որոշ ժամանակ անց ամուսնուս բռնեցին գողության համար եւ մեզ ետ ուղարկեցին Հայաստան: Այս ամենից հետո մենք կրկին փորձեցինք հաստատվել Գերմանիայում, հետո Բելգիայում: Բայց նորից՝ ապարդյուն: Վերադարձանք Հայաստան, իսկ հետո ամուսինս միայնակ մեկնեց Գերմանիա: Երկու տարի ապրեցի երեխայիս հետ՝ սպասելով նրա վերադարձին, բայց նա այդպես էլ չվերադարձավ…»:

Աննայի հավաստմամբ, երկրորդ անգամ ամուսնանալու մտադրություն չի ունեցել. «Տղայիս ծննդյան օրը փոքր քույրս ինձ համոզեց կյանքումս առաջին անգամ գնալ դիսկոտեկ: Այնտեղ ես ծանոթացա մի տղայի հետ, որը նույնպես առաջին անգամ էր լինում դիսկոտեկում՝ ընկերներն էին համոզել: Այդ օրվանից մի քանի օր անց նա ինձ ընկերության առաջարկություն արեց, բայց ես անմիջապես հրաժարվեցի՝ ասելով, որ երեխա ունեմ, ամուսնալուծված եմ եւ ցանկանում եմ ընտանիք ունենալ: Հետո մենք ամուսնացանք, մի քանի ամիս անց հղի էի նրանից»: Աննան խոստովանեց. «Ես նոր եմ սկսել սիրել, հիմա եմ հասկանում, թե ինչ բան է սիրելը, ամուսին ունենալը: Ծնվեցին մեր երկու տղաները, իսկ մեծ տղաս, որն առաջին ամուսնուցս է, երկրորդ ամուսնուս ընդունեց որպես հայր: Այժմ երջանիկ լինելու համար ինձ էլ ոչինչ պետք չի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել