Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանո ւթյան»

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Նոր փաստեր Եղեռնի մասին հերթական ֆիլմում

Հայոց Մեծ եղեռնի 94-ամյակի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնը երեկ կազմակերպել էր ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարի հիմքում ընկած են գերմանական «Շպիգել» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր, բազմաթիվ քաղաքական վերլուծական գրքերի հեղինակ, լրագրող Վոլֆգանգ Գուստի հրատարակած փաստաթղթերն ու Լեփսիուսի արխիվային նյութերը: «Մի օր ձեռքս ընկան ԳԱԱ Ցեղասպանության բաժնի վարիչ, Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Ստեփան Ստեփանյանի հրատարակած Վոլֆգանգ Գուստի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի ռուսերեն թարգմանությունները, եւ նրա օգնությամբ ծանոթացա Գուստի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գ. Հարությունյանը:

Ֆիլմում Վ. Գուստն իր հրապարակումների հիման վրա մեկնաբանում է Հայոց ցեղասպանությունը՝ դեռեւս չբացահայտված, գաղտնի փաստաթղթերի վերհանմամբ: Գ. Հարությունյանի խոսքով, նմանատիպ ֆիլմեր շատ կան, բայց «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» ֆիլմը տարբերվում է. «Ցեղասպանություն երեւույթը բազմաշերտ է: Հենց այնպես նկարահանել, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, վերհանել փաստաթղթեր եւ փորձել հավատացնել, որ դա տեղի է ունեցել, ըստ իս, ոչինչ չի ասում: Քանի որ ցեղասպանության մեջ մասնակից են շատ երկրներ, գտանք, որ նմանատիպ ֆիլմերը պետք է ունենան նեղ ուղղվածություն: Կոնկրետ այս ֆիլմը Գերմանիային է ուղղված: Գուցե խոսքերս չեն համապատասխանում Օբամայի կողմից Թուրքիային վերջերս արած հայտարարությանը, թե ցեղասպանությունը հայերի եւ թուրքերի գործն է, բայց ֆիլմն ապացուցում է, որ ցեղասպանությունը բոլորի գործն է»:

Սցենարի հեղինակի համոզմամբ, ֆիլմն ստեղծված է եվրոպական հանդիսատեսի համար. «Եվրոպացիները մեծ ուշադրություն են դարձնում նյութի քննարկմանը: Իրենց համար կարեւոր չէ՝ ցեղասպանություն բառն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ, կարեւորը՝ որքան հաճախ է այդ հարցը բարձրացվում ու քննարկվում: Գերմանիայում ցեղասպանության թեման արդեն սկսում են բարձրացնել: Ռուսաստանը, ի տարբերություն Գերմանիայի, ընդունել է ցեղասպանությունը, բայց օրումեջ մի հայ է սպանվում, եւ ոչ ոք այդ մասին չի խոսում… Պատճառն այն է, որ հայերը իրենց պատմական ճիշտ դիրքերը չեն ներկայացրել ռուսներին, իսկ եվրոպացիներն անընդհատ սիրում են վերհանել եւ քննարկել հարցը: Ֆիլմում Գուստը զուգահեռ է անցկացնում Հոլոքոստի հետ, ցեղասպանության մասին էլ է անհրաժեշտ միշտ խոսել, որ նմանատիպ դժբախտություններ չկրկնվեն»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, Գերմանիայում ֆիլմի ցուցադրությունը խոչընդոտների հանդիպեց. «Երբ ֆիլմն արդեն պատրաստ էր, մի օրինակն ուղարկեցինք նույն Վոլֆգանգ Գուստին: Նա պատասխան նամակ ուղարկեց, որ ֆիլմում ներկայացվող երկու փաստաթուղթ եթե հանենք, Գերմանիայում այն կցուցադրվի: Բնականաբար, այդ փաստաթղթերը չհանեցինք, պարզաբանելով, որ դա մենք չենք ասում, այլ՝ Ձեր փաստաթղթերը, ուրեմն ինչո՞ւ եք հրաժարվում դրանցից: Առայժմ ոչ մի գերմանական հեռուստաալիք չի ընդունել ֆիլմը, պատճառաբանելով, որ ֆորմատը չի համապատասխանում եւ շատ այլ անհեթեթ մեկնաբանություններ: Ֆիլմն ուղարկեցինք նաեւ Բեռլինում կայանալիք Բեռլինալե կինոփառատոնին, որտեղ այն արժանացավ հավանության, բայց չընդունվեց՝ կրկին անհեթեթ պատճառաբանություններով»:

Նկարում ներկայացվող փաստաթղթերի մասին մեր զրուցակիցն ասաց. «Ֆիլմում առաջին անգամ հրապարակվում է Գերմանիայի ռեյխսկանցլեր Բեթման Հոլվեգի փաստաթուղթը, որն ապացուցում է, որ անմիջապես իրենք շահագրգռված են եղել հայերին ոչնչացնելով: Այդ փաստաթուղթն առաջին անգամ հայտնաբերել է Գուստը եւ մանրամասն ներկայացնում է ոչ միայն այդ, այլեւ ուրիշ նմանատիպ փաստաթղթեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել