Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ մատնությունը» փնտրվեց բուժհիմնարկում

Ապրիլ 10,2009 00:00

Դատաքննությունն ավարտվեց

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ա. Օհանյանի նախագահությամբ, քննվեց եւ ավարտվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Հրաչ Գրիգորյանի գործը: Վերջինս, ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, էլեկտրիկ է աշխատել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հաղորդմամբ դիմել էր ոստիկաններին, որ իր գործընկերներն անցյալ տարվա մայիսի 9-ին, Հաղթանակի օրը նշելուց հետո, աշխատավայրում՝ մահճակալի ծածկոցն իր վրա գցելով, գողացել են իր կոշիկները, կրակվառիչը, 239 հազար դրամը, «Հայէկոնոմբանկ» եւ «ՎՏԲ» բանկերի պլաստիկ քարտերը, 2 արծաթյա մատանի: Էրեբունու ոստիկանությունը նախաքննություն «իրականացնելուց» հետո «պարզել է», որ քաղաքացին զբաղվել է սուտ մատնությամբ եւ գործն, ըստ էության, «բարձել» են նրա վրա: Հրաչ Գիրգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

Բուժհիմնարկի էլեկտրիկի պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանը դատարանում նախորդ օրը հանդես եկավ պաշտպանական ճառով: Ըստ պաշտպանի, Հ. Գրիգորյանը թշնամական հարաբերություններ չի ունեցել իր գործընկերների, բուժհիմնարկում աշխատող կարի արտադրամասի աշխատակից Վրեժ Հովհաննիսյանի, օդամատակարարման բաժնի աշխատակից Զավեն Համբարյանի, փականագործ Ավետիք Չարխաթյանի հետ. «Նրանց հետ դեպքի օրը 1 բաժակ ոգելից խմիչք օգտագործելուց հետո Հրաչն իրեն վատ է զգացել, որոշ ժամանակով կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ նկատել է, որ պառկած է մահճակալին: Ձեռքերով շոշափել է գրպանները, նկատել է, որ դրամապանակը չկա, չկան կոշիկները: Պահանջել է վերադարձնել իրենից վերցրածը»: Ի դեպ, երբ սկզբում տղաները հրաժարվել են վերոնշյալ իրերը վերադարձնել, նա սպառնացել է դիմել իրավապահներին: «Գումարի մի մասը (20 000 դրամը) դրանից հետո վերադարձրին, խոստանալով մյուս կեսն էլ հետագայում վճարել»,- ասել է Հ. Գրիգորյանը:

Ըստ Է. Աղաջանյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը «կառուցված է հակասական ցուցմունքների սուբյեկտիվ գնահատման եւ նախաքննության մարմնի ենթադրությունների վրա: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերի համաձայն, մեղադրական դատավճիռը չի կարող կայացվել ենթադրությունների հիման վրա, եւ պետք է հիմնավորվի անմեղության կանխավարկածի եւ ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելու հիման վրա»: Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանցագործության բացահայտման պարտականությունը նախաքննության մարմնի վրա է դրված, ոչ թե՝ ամբաստանյալի: «Նախաքննական մարմինն այն չի կատարել: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է ներքին համոզմունքի գալու եղանակը: Մենք, դատավարության մասնակիցներս, քննիչները, դատավորները, մեղադրողները, փաստաբանները օգտվում ենք նույն դասագրքերից, օրենքներից, դատական պրակտիկայից, կարող ենք հետեւաբար հանգել նույն եզրակացությանը եւ նույն կարծիքն ունենալ: Երբ անձը հաղորդում է տվել, ենթադրելով, թե հանցագործություն է կատարվել, սակայն հետագայում պարզվել է, որ հանցագործությունը չի հիմնավորվել, տեղեկությունները հայտնելիս չի իմացել, որ դրանք կեղծ են, այս դեպքում բացակայում է սուտ մատնության հանցակազմը»,- ասաց Է. Աղաջանյանը: Նա դատարանին միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել