Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՄԱՏՆԻՉ ՉԵՄ, ԼՐՏԵՍ ՉԵՄ, ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ»

Ապրիլ 10,2009 00:00

Ասաց Սարգիս Հացպանյանն՝ իր վերջին խոսքում, եւ հարցազրույցի համար դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հացպանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի կապակցությամբ, որով փոխանցել էր մեկ այլ քաղաքացուց լսած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հնարավոր մահափորձի նախապատրաստման մասին տեղեկությունը: Երեկ Ս. Հացպանյանը հանդես եկավ 33 էջից բաղկացած պաշտպանական ճառով, որը տեւեց 2,5 ժամ: Ս. Հացպանյանն ասաց, որ 5 ամիս է՝ ինչ ազատազրկված է: Նա համաձայն չէր իրեն մեղսագրված «սուտ մատնություն» հոդվածի հետ: «Միակ բանը, որ գիտեմ, 321 թերթից բաղկացած «քրեական գործը» ծայրից ծայր աբսուրդի թատրոն է»,- ասաց նա եւ ցույց տվեց գործի հիմքում դրված միակ իրեղեն ապացույցը՝ «ՀԺ» թերթի այն էջը, որտեղ հրապարակվել է «Սերժ Սարգսյանի դեմ մահափո՞րձ» հարցազրույցը:

Ի դեպ, Հացպանյանն ասաց, որ «Սուտ» եւ «մատնություն» բառերը 4 բառարաններով նայել եմ: Ամբողջ հիմնարկը դրա վրա ծիծաղում է: «Մատնել» նշանակում է՝ մատնություն անել, լրտեսել, վաճառել, ծախել, հոգին կորցնել, դավաճանել, ենթարկել: Մեղադրողը թող ապացուցի, ինչպես եմ հոգիս ծախել, ում եմ ծախել, ում եմ վաճառել, լրտեսել: Հետխորհրդային շրջանում տպված բառարանում մատնություն անողին ասում են մատնիչ: Ես ուրեմն՝ մատնի՞չ եմ: Ըստ 2003-ին տպված ԵՊՀ բառարանի 237 էջի՝ «մատնիչ» նշանակում է լրտես, մատնող, ծախող, ԿԳԲ-ի շուն, Չեկա-ի շուն, մատնությամբ զբաղվող»:

Ս. Հացպանյանը հարցրեց՝ ո՞ւմ եմ մատնել, ո՞ւմ եմ լրտեսել, ո՞ւմ եմ ծախել. «Ես արտահայտել եմ կարծիք: Այժմ ձեզ եմ ներկայացնում մինչ հիմա երբեւէ չանդրադարձած մի էական փաստ եւս, որպեսզի հերթական անգամ ցույց տամ 321 էջից բաղկացած «քրգործի» դատարկությունը: Փաստը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված, քրեական գործին միացված եւ իմ՝ ՀՀ ոստիկանությանը ուղղված զույգ դիմումների առթիվ հարուցված մի այլ քրեական գործի հետաքննությանը: 2008-ի հոկտեմբերի 18-ին «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման մասնակից երկու բանավիճողներից մեկը ես եմ հանդիսացել, ախոյանս՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, կանադահայ Կիրո Մանոյանն էր: Ես, բռնցքամարտի լեզվով ասած, նոկաուտի ենթարկեցի նրան, մարդն այդ օրվանից հաստատ շաքար ստացած կլինի: Նա հենց այդ օրը հաղորդման ժամանակ էլ բացահայտ հայտարարեց, թե «Սարգիս Հացպանյանին պետք չէ Հայաստանից արտաքսել, այլ կարելի է, օրինակ, ըստ օրենքի դատել ու բանտարկել, որ իր պատիժը կրի»: Սա, բնականաբար, ՀՀ կառավարության կոալիցիայի անդամ հանդիսացող կուսակցության բարձրաստիճան անդամ-խոսնակի բերանից իջեցված պատվեր էր համապատասխան մարմիններին, որը ուղիղ 20 օր հետո հավատարմորեն կատարեցին: Ես հոկտեմբերի 18-ին, 20-ին եւ 21-ին, երեկոյան, իմ տան մոտերքը՝ «Պոպլավոկ» սրճարանի հարեւանությամբ, կինո «Նաիրիի» մոտ, ինձ անհայտ անձանց կողմից անհանգստացվելով, սպառնալիքների ենթարկվեցի: Այս առթիվ անմիջապես ՀՀ ոստիկանությանը գրավոր, պատվիրված նամակ ուղարկելով հայտնեցի եւ մինչեւ այսօր սպասում եմ: Գրեթե վստահ լինելով, որ ոստիկանությունը ոչ մի բան էլ չի ձեռնարկելու եւ կփորձի մոռացության տալ իմ դեմ կատարվածը, թեեւ 2 անգամ անձամբ գնացել եմ Կենտրոնի ոստիկանություն եւ այդ մասին թերթում հրապարակավ հանդես եմ եկել, մինչեւ իմ ձերբակալման պահն էլ՝ նոյեմբերի 7-ը, ՀՀ ոստիկանության կողմից արված ոչ մի քայլ չեմ նկատել»,- իր վերջին խոսքում հավելեց Ս. Հացպանյանը: Ըստ վերջինիս, քրեական գործի էջերում են հայտնվել ՀՀ ոստիկանության պետին ուղղված դիմումները, սակայն, ըստ նրա, ոստիկանությանը հոկտեմբերի 22-ին ուղղված դիմումը բացվել է նոյեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 7-ին, երբ ինքը գտնվում էր ԱԱԾ-ում՝ «ՀԺ»-ի հրապարակման հետ կապված, նույն օրը փոստով ծանուցագիր է ուղարկվում տուն: «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում ազատազրկված էի: ՀՀ ոստիկանությունը, մեր տուն այցելելով, ինձ փնտրել ու չի գտել: Լավ է, սակայն, որ այս անգամ բնակարանս չեն շրջափակել գոնե»,- ասաց նա: Նա դատարանին նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-ին «Առավոտ» թերթում «Խնդրում եմ ինձ պատշաճորեն ծանուցեք, որ իմանամ երբ եւ ուր գամ» բովանդակությամբ հայտարարություն է արել, մինչդեռ որպես վկա ԱԱԾ-ում գտնվելը իրավապահներն արձանագրել են «բերման է ենթարկվել» բառակապակցությամբ: Ս. Հացպանյանը գտնում էր, որ իրեն պետք է արդարացնել եւ նաեւ կոչ արեց դիմել Լեզվի պետական տեսչությանը՝ նրանց գնահատականը սուտ մատնության վերաբերյալ ստանալու համար: «Մենք արեւմտահայերեն գրեթե բոլորի կողմից ասվող մի սքանչելի նախադասություն ունենք, որը փոքրուց հանելուկի նման մեծերից լսելով ենք մեծացել. կրթվիր հորդ նման էշ չմնաս, ինչին հետեւում է հարցը՝ որտե՞ղ դնել ստորակետը: Համաձայնեք, որ այս շատ ուսանելի օրինակում օգտագործված մեկ ստորակետը նշանակալի էական դեր ունի մտքի իմաստը ներկայացնելու համար» եւ բանավոր ներկայացրեց ստորակետի տեղն ու դերը: Հացպանյանի ճառն ավարտվեց ծափահարություններով, դատավորն անցավ խորհրդակցական սենյակ:

Ս. Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Մեղադրողը առաջարկել էր 4,5 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել