Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՈՒՆԻ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Թերեւս, միանշանակ ճիշտ է, որ պաշտպանված ամրոցը, եթե չի կարող գրավել կազմակերպված զորքը, կարող է գրավել ոսկով բարձած մի ավանակ: Ճիշտ է, իհարկե, եթե խոսքը վերաբերվում է օտար ամրոցին եւ օտարամուտ ոսկուն: Բայց երբ խոսքը սեփական պետության եւ հայրենիքի մասին է, չեմ կարծում, որ օտարի ոսկով բարձած ավանակը կարող է գրավել ամրոցը: Ուստի, զարմանում եմ, որ վերջերս մեզ մոտ աշխուժացել են օտար աղբյուրներ հիշատակող եւ տարաշխարհիկ եզրակացություններ անող չպատճառաբանված ոգեւորվող վերլուծաբան-հաբեթները՝ իբր թե ահա, ահա Հայաստանում կսկսվի սոցիալական անհնազանդություն: Այնինչ, ես հստակ տեսնում եմ, որ մեր երկրում երբեք չի լինի, ինչպես եւ երբեք չի եղել, այդպիսի արտառոց իրավիճակ: Չնայած, որ ամեն մարդու համար հացը թանկ է, բայց հայի համար այսօր կարծես թե կա հաց հանապազօրյայից առավել երեւելի մի բան՝ իր կերպարը, ժամանակների մեջ կորցրած պետությունը, եւ հայրենիքը ձեւակերպելու ու հազարամյակների մեջ ամբողջացնելու կարծես թե վերջին հնարավորությունն է: Եվ այդ ամենին հասնելու ամենակարեւոր ճանապարհը՝ արդարությունը: Գուցե թերեւս ճիշտ է, որ հայի չափը չափազանցն է, բայց զարմանալիորեն մենք այսօր դառնում ենք չափավոր, երբ խնդիրն առնչվում է Հայրենիքին ու վերականգնված պետությանը: Եվ հիմա ես դարձյալ ու կրկին տխրությամբ տեսնում եմ, թե ինչպես է առաջին հայացքից ներդաշնակ թվացող ընդդիմության խորքում հասունանում ներքին թշնամանքը իրար հանդեպ, քանի որ մոլորվածի դիմաց անհաղթահարելի լեռներ են, իսկ թիկունքում՝ անդունդներ այլեւս: Այնինչ, արդեն մեկ տարի է՝ կարծես թե հնչել է այն խոսքը, որը կարող է ազգը վերջնականապես միավորել հանուն, հանուն եւ ոչ թե ընդդեմ… Եվ հանուն հանունի ելքը միակն է՝ չմոլորվել, գնալ ընտրած ճանապարհով՝ չվախենալով խաչմերուկներից… ինչը որ տարիներ առաջ չարեց մեր գյուղի նախագահ Վարազդատը: Եղավ այնպես, որ գյուղն ամբողջությամբ պահանջեց, որ Վարազդատը հրաժարվի իր պաշտոնից: Գյուղի որոշումը այնքան վերջնական էր, որ նախագահը ստիպված եղավ հրաժարվել ու, թողնելով գրասենյակը, գնալ տուն: Բայց տեղի ունեցավ տարօրինակ մի բան. հեռանալով՝ նա չհանձնեց իր մոտ գտնվող գյուղի նախագահի կնիքը՝ ասելով, որ կորցրել եմ: Բայց դա, իհարկե, այդպես չէր, հետագայում նույնիսկ գյուղի երեխաները գիտեին, որ նա, գիշերները շալվարի գաղտնագրպանից հանելով կնիքը, փչում էր վրան ու աշակերտական տետրերից պոկած դատարկ էջեր էր կնիքում. ինքը սիրում էր կնիքել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել