Կառավարության երեկվա նիստում որոշվել է կառուցապատողներին տրամադրել 20 միլիարդ դրամի չափով պետական երաշխիքներ, ինչը նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան առեւտրային բանկերից ներգրավել վարկային միջոցներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առեւտրային բանկերի լիկվիդայնության մակարդակը շատ բարձր է, եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները՝ ռիսկայնության գնահատումն է: Տ. Սարգսյանը տեղեկացրել է, որ աջակցություն ստանալու համար բոլոր կառուցապատող ընկերությունները կարող են դիմել կառավարության օպերատիվ շտաբ եւ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, որոնց ցանկը կտեղադրվի կառավարության պաշտոնական կայքէջում: Վարչապետը ասել է նաեւ, որ առաջին հերթին նախապատվությունը կտրվի այն շինարարական օբյեկտներին, որոնք անավարտ են, սակայն շինարարությունը կատարված է մինչեւ 75%-ով: Գումարի տրամադրման համար գրավադրվելու է անշարժ գույք: Տ. Սարգսյանի ներկայացմամբ. «Եթե կարողանանք այդ 20 միլիարդանոց փաթեթը արագորեն իրացնել եւ գնահատել ռիսկայնության մակարդակը, չենք բացառում, որ տրամադրվող երաշխիքների ծավալը ավելացվի եւս 20 միլիարդ դրամով»:
Երեկվա նիստում որոշվել է նաեւ, ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության ժամանակ տրամադրվող բոնուսների հաշվարկման մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնելու համար, փոփոխություններ մտցնել պարգեւավճարների տրամադրման կարգում: Ներդրվող նոր մեխանիզմի համաձայն, եռամսյակի ընթացքում վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններից պետք է կազմվեն խմբաքանակներ՝ 50-ից մինչեւ 1000 հատ քանակով: Յուրաքանչյուր խմբաքանակի համար հաշվարկվելու է բոնուսի կոնկրետ գումար՝ կախված կտրոնների գործարքների արժեքների հանրագումարից: