Բայց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններից, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ այդպես էլ պաղպաղակի համ չի գալիս:
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության փոփոխությունների փաթեթը մշակողները երեկ ողջ աշխատանքային օրվա ընթացքում դռնփակ քննարկումներ էին անցկացնում Եվրոպայի խորհրդի փորձագետ Իվ Սալոմոնի հետ, որը փորձաքննության է ենթարկել այդ փաթեթը: Փորձագետի եզրակացությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ գերազանցապես դրական է. առաջարկվող փոփոխությունները համարվել են «նշանակալի առաջընթաց», եւ որպես միակ էական չլուծված խնդիր նշվում է հեռուստաոլորտը կարգավորող մարմինների ձեւավորման կարգը: Մինչդեռ Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը» եւ մի քանի այլ լրագրողական կազմակերպություններ փետրվարի 3-ի հայտարարության մեջ նշել էին, թե այս փաթեթը լի է «դրույթներով, որոնց մի մասն այլ բնութագրման, քան թյուրիմացությունն է, արժանի չէ»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում իրենց եւ ԵԽ փորձագետի գնահատականների նման տարբերությունը՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Հիմնական պատճառը, ինձ թվում է, այն է, որ նախ՝ Եվրոպայի խորհրդի փորձագետը հաշվի չի առել Հայաստանի հասարակական-քաղաքական ոլորտում վերջին զարգացումները, որոնք ակնհայտ են դարձրել շատ խորը խնդիրներ մեր հեռարձակող լրատվամիջոցների գործունեության եւ այն կարգավորող օրենսդրության մեջ: Եվ դա ակնհայտ երեւում է նաեւ փորձագետի վերլուծությունում՝ այնտեղ չեն հիշատակվում Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին բանաձեւերը, որտեղ անդրադարձ կա շատ խնդիրների, որոնք բավարար արտացոլում չեն գտել փորձագետի վերլուծության մեջ: Երկրորդ հանգամանքը՝ բնականաբար, շփվելով միայն օրենքի հեղինակների, համապատասխան պրոֆիլային հանձնաժողովի հետ՝ փորձագետը դժվար թե կարող է ամբողջությամբ պատկերացնել օրենքի կիրառման հետ կապված խնդիրները: Իսկ եթե դրանք չես պատկերացնում՝ չես կարող գտնել համարժեք լուծումներ նաեւ օրենսդրական դրույթներում: Այսինքն՝ մոտեցումն, ըստ իս, ինչ-որ տեղ մակերեսային է եւ չի անդրադառնում այն անհրաժեշտ ուղղություններին, որոնցով պիտի ընթանա օրենքի բարելավումը»:
Նկատենք, որ մեր զրույցից հետո՝ երեկ ուշ երեկոյան տարածվեց լրագրողական 6 կազմակերպությունների՝ ԵՄԱ-ի, «Ինտերնյուսի», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան», լրագրողների «Ասպարեզ» ակումբի եւ Վանաձորի մամուլի ակումբի հայտարարությունն օրենսդրական այս փաթեթի վերաբերյալ: Հայտարարությունը լիովին համահունչ է այն մտահոգություններին, որոնք մեր զրույցի ընթացքում արտահայտել էր Բորիս Նավասարդյանը: Այսպես, հայտարարության մեջ էլ է նշված. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն պետք է գնահատվի Հայաստանի հեռարձակման ոլորտի 4 առանցքային խնդիրների լուծման տեսանկյունից»: 1-ին խնդիրը ՀՌԱՀ-ի անկախության ապահովումն է: 2-րդը՝ Հանրային հեռուստառադիոընկերության «իրական բարեփոխումը» եւ դրա «ներառումը իրավական կարգավորման դաշտ, հանրության առջեւ նրա պատասխանատվության եւ հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը»: 3-րդը հեռարձակման արտոնագրման անկողմնակալ եւ թափանցիկ մրցույթների համար իրավական պայմանների ձեւավորումն է, եւ 4-րդը՝ մրցույթների վերականգնումը:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «Եթե այս 4 հարցերի լուծումը չկա որեւէ օրենսդրական նախաձեռնության մեջ, որը կապված է հեռարձակման ոլորտի հետ, ապա այդ փոփոխությունները բացառապես կոսմետիկ են: Մանավանդ որ՝ նշված խնդիրների մեծ մասը գոյություն ունի արդեն 12 տարի՝ այն պահից, ինչ 1997-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Սերգո Երիցյանի առաջին նախագիծը հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»: Իսկ հայտարարության մեջ նշված է, թե այժմ ԱԺ 2-րդ ընթերցման ներկայացված օրինագծերի փաթեթի «առանձին դրույթների բարելավումն, ըստ էության, բարեփոխումների իմիտացիա է եւ ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանի հեռուստառադիոեթերի նկատմամբ իշխանությունների տոտալ վերահսկողության հաղթահարմանը»:
Բորիս Նավասարդյանը շարունակելով գովազդի լեզվով այն համեմատությունը, որը նախկինում արել էր այս փաթեթի վերաբերյալ՝ «բորշչի համով պաղպաղակ», ասաց. «Եթե պայմանականորեն համարենք, թե որակյալ օրենք մշակելը պաղպաղակ ստեղծել է, ապա կարող եմ ասել, որ բորշչի համն այս նախագծի վերջին տարբերակում պակասել է, բայց պաղպաղակի համն այդպես էլ չենք կարողանում հայտնաբերել»:
Նկատենք, որ ԵՄԱ-ն եւս ներգրավված է տեղական փորձագետների այն աշխատանքային խմբում, որը կոչված է բարեփոխելու հեռուստատեսության եւ ռադիոյի օրենսդրությունը: «Այո՛, առայժմ մնում ենք աշխատանքային խմբում,- հաստատեց պրն Նավասարդյանը:- Բայց եթե նույն կերպ ընթանա այդ աշխատանքային խմբի աշխատանքը՝ բնականաբար, մեր ներկայացուցիչն այլեւս չի լինի այդ խմբում՝ հենց այն պատճառով, որ մեկուսացված ենք այս գործընթացներից, եւ ձեւական մասնակցությունը որեւէ կառույցում, ինչքան էլ ուրիշներին կարող է թվալ պատվաբեր՝ մեզ բոլորովին պետք չէ»:
Լրագրողական կազմակերպությունների երեկվա հայտարարության մեջ ԱԺ-ին կոչ էր արված շրջանառությունից հանել հեռարձակման ոլորտին առնչվող օրինագծերի փաթեթը եւ դրան վերադառնալ Հայաստանի միջազգային պարտավորությունների եւ աշխատանքային խմբի առաջարկությունների համաձայն մանրամասն մշակումից հետո: Նաեւ պահանջ կար օրակարգում անհապաղ ընդգրկել մրցույթները վերականգնելու մասին օրինագիծը եւ այլն:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով փետրվարի 3-ի հայտարարությանը՝ մեր թերթին ասել էր. «Ցավում եմ, որ լրագրողական այդ կազմակերպությունների կարծիքը հիմնված չէր մեր ներկայացրած օրինագծի մանրամասն վերլուծության վրա, այլ սուբյեկտիվ շահերի եւ ընկալումների խտացված ներկայացում էր»: Բորիս Նավասարդյանն այս կապակցությամբ ասաց. «Կարող եմ բացահայտ ասել, թե ինչն է, ըստ իս, պրն Աշոտյանի շահը. քանի որ նա ներկայացնում է իշխող քաղաքական ուժը՝ բնականաբար, շահագրգռված է, որ պահպանվի հեռարձակող ԶԼՄ-ների վրա այն ազդեցության մակարդակը, որն այսօր ունեն իշխանությունները: Իսկ թե ինչ շահեր ունենք մենք ու մեր գործընկեր կազմակերպությունները՝ շա՜տ կուզենայի լսել պրն Աշոտյանից: Համենայն- դեպս՝ դրանք ակնհայտ հակառակն են, քան իր այդ շահը»: