Երեկ լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ս.թ. ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում, «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանի՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստը: «Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները, վստահ լինելով, որ չեն պատժվի»,- ասված է երեկ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի», Երեւանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անունից երեկ տարածված հայտարարության մեջ: Վերջիններս դատապարտել են ոստիկանների անհամաչափ գործողությունները լրագրողի նկատմամբ եւ ՀՀ ոստիկանության ղեկավարությունից պահանջել՝ նշանակել ծառայողական քննություն ու պատասխանատվության ենթարկել բռնությունը կատարած անձանց: