Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները երթ են կազմակերպում

Ապրիլ 10,2009 00:00

Արդեն երկու օր է, ինչ Հյուսիսային պողոտայից քշվածները Կենտրոնում ինքնաբուխ երթ են անում

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, ի պատասխան «Առավոտի»՝ ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին պողոտայի տարածքից հեռացնելու եւ նրանցից ոմանց ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու պաշտոնական պարզաբանում ստանալու խնդրանքին, փոխանցեց. 08.04.2009 թվականին ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել 4 քաղաքացիների եւ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի, «Բեքո», «Գես» խանութների եւ «Սեգաս», «Ֆրեդո» սրճարանների տնօրենների դիմումները, որ Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում մարդկանց տեւական կուտակումներ, որոնք խանգարում են շրջապատի բնակչության հանգիստը, առեւտրային կետերի հաճախորդների անդորրը, նրանց պահում են մշտական լարվածության մեջ, որի պատճառով էլ քաղաքացիները խուսափում են հաճախել Հյուսիսային պողոտայում գործող առեւտրի եւ սննդի օբյեկտներ, եւ դրա հետեւանքով վերջիններս կրում են ֆինանսական վնասներ: Դիմումները սահմանված կարգով ոստիկանության բաժնում գրանցելուց հետո Հյուսիսային պողոտայում կուտակված քաղաքացիներից ոստիկանության Կենտրոնական բաժին են հրավիրվել, որոնց հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ վերջիններիս պարզաբանվել է, որ Հյուսիսային պողոտայում կուտակումներ չառաջացնեն եւ չխանգարեն քաղաքացիների հանգիստը եւ կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Մասնավորապես, Լ. Զուրաբյանին պարզաբանվել է, որ հավաքվեն այնպիսի վայրերում, որ չխանգարեն քաղաքացիների եւ կազմակերպությունների հանգիստը:

Տարօրինակ «զուգադիպությամբ» ոստիկանության Կենտրոն բաժին ներկայացված հիշյալ բոլոր բողոքները գրվել են նույն օրը՝ ապրիլի 8-ին:

Լ. Զուրաբյանը դժվարացավ սա պատահականություն համարել: Նա ավելի հավանական համարեց, որ այդ դիմումները գրվել են իշխանության ներկայացուցիչների հորդորներով՝ Հյուսիսային պողոտայում հավաքվող մարդկանց ցրելու իրավական հիմքեր ապահովելու նպատակով:

Հօգուտ այս դիտարկման խոսում է նաեւ այն փաստը, որ ե՛ւ ապրիլի 8-ին, ե՛ւ երեկ ոստիկանական ուժերը նույն ջանասիրությամբ եւ ուժի գործադրմամբ քաղաքացիներին քշել են ոչ միայն Հյուսիսային պողոտայից, այլեւ Կարապի լճի եւ Կենտրոն թաղապետարանին հարող տարածքներից եւս: Մնում է սպասել, որ Երեւանում գործող բոլոր օբյեկտատերերն ու բոլոր երեւանցիները մի օր կորոշեն բոլորը միասին ու նույն օրը համանման դիմում-բողոքներ ներկայացնել մայրաքաղաքի բոլոր համայնքների ոստիկանական բաժիններ: Դրանով իշխանությունը, ի վերջո, այլախոհ քաղաքացիների «կուտակումներից» ազատվելու իրավական հիմքերի լիակատար «ժողովածու» կունենա:

Ի դեպ, երեկ եւս ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ ամուր պատնեշել էին Հյուսիսային պողոտա տանող բոլոր ճանապարհները եւ նախորդ օրվա նման պողոտա մուտք գործելու ցանկացած փորձ անողին քաշքշելով, հրմշտելով, ուժ կիրառելով՝ հեռացնում էին պողոտայի տարածքից: Ոստիկանության բաժին բերման ենթարկվեց երկու քաղաքացի՝ Մխիթար Հարությունյանը եւ 2008թ. հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ իր՝ ոստիկանության կապիտանի վկայականը հրապարակայնորեն պատռած Աշոտ Թադեւոսյանը: Ոստիկանները մարդկանց մաս-մաս «ետ մղեցին մինչեւ» Տերյան փողոց՝ Կենտրոն թաղապետարանի մոտ, ապա քաղաքացիների հետեւից բառացիորեն վազելով՝ նրանց հասցրին մինչեւ կոնսերվատորիայի այգի: Նախորդ օրվա նման խաղաղ հավաքը վերածվեց խաղաղ ու ինքնաբուխ, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ «Լեւոն, նախագահ» կարգախոսները վանկարկող երթի:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ում պատրաստվում են դատարանում վիճարկել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապրիլի 8-ին եւ 9-ին ոստիկանության կողմից իրականացված գործողությունների օրինականությունը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով, ոստիկանական ուժերի գործողությունները նշված օրերին հակասել են ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին, ուստի՝ այդ գործողությունների պատասխանատուները պետք է կանգնեն դատարանի առաջ, իսկ «քաղաքական զբոսանքները» «Հյուսիսայինում» շարունակվելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել