Վերլուծելով Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին՝ ասաց ՀՀ շարքային քաղաքացի Անուշ Ղարիբյանը
Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 9-ին, Ոստիկանական ստորաբաժանումների ու ոստիկանության ակադեմիայի կուրսանտների կողմից տոտալ շուրջկալի մեջ վերցված Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ որպես մեր երկրի ղեկը ստանձնած մարդու երդմնակալությունը: Սույն արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովրդի այն հատվածին, որը ՀՀ նախագահի ընտրություններում պաշտպանել էր այլ թեկնածուների, հայտարարել էր. «Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
Խոսելով «Մարտի 1»-ի, իր ձեւակերպմամբ՝ «ցավալի իրադարձությունների» մասին՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնող Ս. Սարգսյանը հորդորել էր՝ «առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով»:
Նա անդրադարձել էր նաեւ ՀՀ քաղաքացիների ազատությունների ու իրավունքների խնդրին, հավաստիացրել էր, թե, ի շարս այլ օրենքների, պետք է փոփոխության ենթարկվեն «նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգավորող օրենքները, նպատակ ունենալով մի կողմից՝ ապահովել յուրաքանչյուրի՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից՝ բացառել ցանկացած հրապարակային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ»:
Արդյոք մեկ տարի անց Ս. Սարգսյանին հաջողվե՞ց քանդել «չհասկացվածության պատը», ապաքինել մարտիմեկյան դեպքերից հետո առաջացած վերքերը ու ապահովել ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը: Ընդդիմության ներկայացուցիչներն ու ՀՀ շարքային քաղաքացիներն այս հարցի հստակ եւ միանշանակ պատասխան ունեն՝ «ոչ»:
«Սերժ Սարգսյանի գործունեությունը գնահատելու խնդիր չկա, որովհետեւ չկա մի բնագավառ՝ ներքաղաքական, արտաքին, տնտեսական, սոցիալական քաղաքականություն, ժողովրդավարություն, որտեղ Ս. Սարգսյանի գործունեությունը անձամբ ես գնահատեմ դրական: Ես սա չեմ ասում այն պատճառով, որ ինքս նրան չեմ ընտրել, այլ որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի՝ իմ մաշկի վրա զգում եմ այն ամբողջ ետընթացը, որ կա հիշյալ ոլորտներում: Մեկ տարի առաջ նախընտրական քարոզարշավի մի տեւական շրջան նա բղավում էր՝ «Առաջ, Հայաստան», բայց հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչ թե առաջ է գնացել, այլ բավականին ետ է ընկել բոլոր իմաստներով: Ես այս մեկ տարին կցանկանայի գնահատել այլ՝ ժողովրդի պայքարի տեսանկյունից. վերջապես ժողովուրդը՝ իր մեծամասնությամբ, հստակ հասկանում է, թե ինչ է կատարվում այս երկրում եւ ինչ է պահանջվում մեզանից: Ես համոզված եմ, որ այս երկրում ոչինչ չի փոխվի՝ մինչեւ մենք չիրականացնենք Սահմանադրությամբ տրված մեր՝ իշխանություն ընտրելու իրավունքը: Եթե ես չեմ ձեւավորում այդ իշխանությունը, այն ինձ ծառայել չի կարող: Ոչ մի պատ էլ չի քանդվել: Այդ ոչընտիր նախագահի երդումից մեկ տարի հետո էլ իմ աչքի առաջ երկու պատկեր է. մեկ՝ որ ժողովուրդը մեկ տարի առաջ այդ օրը սգում էր իր զավակների կորուստը, երկրորդ՝ փակ փողոցներ, մի քանի հարյուր մետր շառավղով Օպերայի տարածքը շրջապատած ժապավեններ ու ոստիկանական արգելափակոցներ, աղբանոցից դուրս թռած դատարկ տոպրակի ուղեկցությամբ Ս. Սարգսյանի շրջայցը Օպերայի շենքի՝ մարդկանցից դատարկ եւ զինվորներով լցված հրապարակում: Նա մեկ տարի առաջ երդվել է այն մարդկանց առաջ, ում շնորհիվ ինքն ընտրվել է: Ի՞նչ պատ քանդելու մասին է խոսքը, երբ հենց այս պահին իմ ձեռքերը, ոտքերն ու մեջքը ցավում են, որովհետեւ ապրիլի 8-ին ինձ՝ ՀՀ քաղաքացուս ու Կենտրոնի բնակչիս, Թումանյան փողոցում զբոսնելիս երկու ոստիկան բռնի ուժով մտցրեցին մեքենան ու տարան ոստիկանության բաժին: Այնտեղ ոստիկանապետն ինձ ասում է, թե՝ հրավիրել է զրույցի: Եղբա՛յր, զրույցի, ձեռքն ու ոտքը ոլորած, չեն հրավիրում»,- ասաց մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Գրիգորյանը:
«Բոլորովին ոչ մի պատ էլ չի քանդվել: Պատն ավելի է հաստացել: Մեզ հետ շփվում են ոստիկանները՝ բավական կոպիտ ու ապօրինի մեթոդներով: Այսօր ոտնահարված են մարդու ամենատարրական իրավունքները: Հասկացանք, ասում են՝ Հյուսիսային պողոտայից մարդկանց քշում են, որովհետեւ հարակից տարածքից բողոքում են, թե աղմուկ է, խանգարում են: Բա Կարապի լճի մոտի՞ց ինչի էին քշում, հետապնդում մարդկանց: Ո՞վ է նրանց իրավունք տվել ՀՀ քաղաքացուն, ինձ՝ այս քաղաքում ծնված մարդուն, կարգադրել՝ էս կողմ գնա, էն կողմ մի գնա… Ինձ չեն ձերբակալել, բայց դա կապ չունի: Որեւէ քաղաքացու ապօրինի ձերբակալություն ինձ վրդովեցնում է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ շարքային քաղաքացի Անուշ Ղարիբյանը:
Գնահատելով Ս. Սարգսյանի մեկտարյա գործունեությունը՝ մեր զրուցակիցն այն որակեց որպես շատ վատ. «Նա կարող էր այդ մեկ տարվա ընթացքում շատ բան անել իր ասած պատը քանդելու համար: Կարող էր գոնե քաղբանտարկյալներին ազատ արձակել, «Մարտի 1»-ի դեպքերի պատասխանատուներին բացահայտել ու պատժել՝ դրանով մի փոքր երկխոսության գնալով ժողովրդի հետ: Բայց՝ ոչ: Նա ապացուցեց, որ ճիշտ են արել այն մարդիկ, ովքեր իրեն չեն ընտրել»:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ ասաց, թե իրեն ու, թերեւս, նաեւ հասարակության մեծ մասին չի հետաքրքրում, թե ինչ է ասել կամ խոստացել Ս. Սարգսյանը մեկ տարի առաջ, որովհետեւ ուշադրություն դարձնում են այն մարդկանց խոստումներին, որոնց հավատում ու վստահում են: «Իսկ Ս. Սարգսյանին հասարակության գերակշիռ հատվածը չի հավատացել եւ չի հավատում, ու հենց դա է պատճառը, որ նա նախագահ է դարձել արյամբ՝ Երեւանի փողոցում մարդ գնդակահարելով»,- հայտարարեց ՀԱԿ խոսնակը: Նա առաջարկեց անցած մեկ տարվա ընթացքում մատնանշել գեթ մեկ օրինակ, Հայաստանի առջեւ ծառացած թեկուզ միջին մասշտաբի մի մարտահրավեր, այդ թվում՝ ներքին, արտաքին, սոցիալական, տնտեսական, ժողովրդավարության ոլորտներում, որը հաղթահարվել է: «Հայաստանի ներսում անվստահության, անհանդուրժողականության ճգնաժամը որեւէ կերպ չի հաղթահարվել, քաղաքական ռեպրեսիաները ընդդիմության եւ ազատ մտածող քաղաքացիների նկատմամբ շարունակվում են, օրը ցերեկով կրիմինալ ռազբորկաներ են լինում, որոնք բոլորն էլ, ըստ էության, կապված են իշխանական համակարգի հետ, իսկ ահա քաղաքում խաղաղ զբոսնող մարդկանց որսը շարունակվում է»,- ասաց Ա. Մուսինյանն ու հավելեց, որ այսօր Ս. Սարգսյանի գլխավորած իշխանությունը կարելի է տարբեր կերպ որակել՝ կոռումպացված, կրիմինալ, բայց՝ ոչ քաղաքական: «Քաղաքական որեւէ դրսեւորում, այդ թվում՝ զբոսանքները, այս իշխանությանը սարսափեցնում է, որովհետեւ առջեւում ընտրություններ են, եւ Ս. Սարգսյանը խնդիր ունի իրավիճակը վերահսկելու, որովհետեւ ինքը մեծ դժվարությամբ հազիվ վերահսկում է իրավիճակն իր սեփական թիմում: Նա հավատարիմ թիմ չունի: Ինքը բոլորին «քցել» է, բոլորն էլ նրան են «քցելու»: Սա՝ ապագա մեկ տարվա կտրվածքով»,- եզրափակեց Կոնգրեսի խոսնակը: