Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԻ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՈՉ, ՄԻ՞ԹԵ ՆՈՒՅՆԸ ՉԷ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով՝ այնքան էլ նույնը չէ:

– Ձեզ չե՞ն նյարդայնացնում հեռուստաէկրաններից եւ թերթերից տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչող գուշակությունները՝ Բարաք Օբաման կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ չի ասի: Մի՞թե դա այդքան կարեւոր է, մի՞թե դրանից փոխվելու է պատմական ճշմարտությունը:

– Բնական է, որ Օբաման ողբերգական իրադարձությունները կանվանի կամ չի անվանի ցեղասպանություն՝ դրանից պատմությունը չի փոխվելու, եւ մեզ համար որեւէ բան չի փոխվելու, սակայն ԱՄՆ-ը մնում է այս աշխարհի ամենակարեւոր կենտրոններից մեկը, եւ այս երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր փաստ կարող է լինել: Եվ Օբամայի հայտարարությունից սպասելիքներ ունեն հայերը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում:

– Դուք շահագրգռվա՞ծ եք, որ Օբաման գործածի ցեղասպանություն բառը:

– Ես շահագրգռված եմ, որ իրադարձություններին տրվեն օբյեկտիվ եւ համարժեք գնահատականներ, մանավանդ, եթե դա վերաբերում է հայոց պատմությանը:

– Մեկ տարի է արդեն՝ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, այս մեկ տարվա ընթացքում, խոսելով արտաքին քաղաքականության մասին, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ մեր երկիրն անցել է նախաձեռնող արտաքին քաղաքականության, որպես օրինակ բերում են Գյուլին հրավիրելը: Ձեր կարծիքով, փոխվե՞լ է մեր երկրում արտաքին քաղաքականության որակը:

– Նախ, նախաձեռնությունները չեն սահմանափակվում միայն Գյուլին հրավիրելով. Աբդուլա Գյուլի Հայաստան գալը մի քանի ժամով մի փոքր էպիզոդ էր, բայց եթե մենք հետեւենք կառուցողական շրջանակում իրականացվող քաղաքականությանը, կտեսնենք, թե մեկ տարվա ընթացքում ինչ եղավ նույն հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, որի վերջին քայլն էր մեր ԱԳ նախարարի հանդիպումը Ստամբուլում Օբամայի հետ: Կարծում եմ, կարելի է ասել, որ այս ուղղությամբ բավականին շատ եւ նախաձեռնողական աշխատանք կատարվել է: Բավականին շատ աշխատանքներ են նախաձեռնվել եւ իրականացվում Եվրոպական Միության եւ անշուշտ՝ Ռուսաստանի հետ:

– Իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է, որն էապես փոխել է իրավիճակը հարցի կարգավորման գործընթացում:

– Մեկ բան կարող եմ անմիջապես ասել՝ Մայնդորֆի համաձայնագիր: 1994-ից հետո, երբ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, սա առաջին փաստաթուղթն էր, որի տակ ստորագրեցին Ադրբեջանի եւ ՀՀ նախագահները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ: Սա շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ նրանում արձանագրված սկզբունքներն են շատ կարեւոր: Հենց դրանք են այսօր շրջանառության մեջ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում: Իսկ դրանք, գիտեք, երեքն են՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կիրառման բացառում:

– Եվրամիություն-Հայաստան համաժողովի գործունեության ընթացքում կոնկրետ ի՞նչ կարգի քննարկումներ եղան ԼՂՀ-ի վերաբերյալ:

– Արձանագրվեց մի քանի կարեւոր բան. նախ այն, որ խնդիրը պետք է կարգավորվի վերը նշված երեք սկզբունքների հիման վրա, որ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը հարցի կարգավորման բանակցային գործընթացին կարեւոր է: Նշվեց նաեւ այն, որ Ադրբեջանում կատարվող էթնիկական զտումների հետեւանքով հայ փախստականները չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը: Իսկ Թուրքիայի մասով արձանագրվեց, որ Թուրքիան պետք է հանի Հայաստանի շրջափակումը եւ բացի սահմանները:

– Համաժողովի եվրոպացի մասնակիցները հանդիպեցին նաեւ մարտի 1-ի դեպքերից հետո ազատազրկվածներին, ի՞նչ տպավորություններ ունեին եւ ինչ-որ բան Ձեզ հրահանգեցի՞ն:

– ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաեւ ներքին քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերը: Իհարկե, եվրոպացի պատգամավորներն անհանգստություն հայտնեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, բայց միեւնույն ժամանակ դրական գնահատեցին իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

– Կոնկրետ ի՞նչ դրական քայլերի մասին է խոսքը:

– 225 եւ 300 հոդվածների փոփոխությունները, փաստահավաք խմբի ստեղծումը եւ գործունեությունը, «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները եւ այլն:

– Իսկ չասացի՞ն, որ հարկավոր է մարտի 1-ից հետո ազատազրկվածներին անհապաղ ազատ արձակել:

– Իրենց բառերն եմ ասում՝ ասացին, որ պետք է ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր չեն, այսինքն՝ ովքեր դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ մեղավոր չեն:

– Փաստորեն, իրենք հավատո՞ւմ են մեր երկրի դատական համակարգին:

– Այո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել