Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ապրիլ 09,2009 00:00

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, բանկերի կողմից վարկավորման ծավալների կրճատման պատճառներ են հանդիսանում բանկերի զգուշավորությունը, եւ նաեւ այն, որ վարկառուները հիմնականում խուսափում են արտարժույթով վարկեր վերցնելուց: Այս մասին Ա. Ջավադյանը ասել է երեկ հրավիրված ասուլիսում: ԿԲ ղեկավարի ներկայացմամբ, այս տարվա մարտ ամսին իրականացվել է 52 միլիարդ դրամի վարկավորում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 18 միլիարդ դրամով: Ա. Ջավադյանը նշել է նաեւ, որ կապված դրամով տրվող վարկերի պահանջարկի ավելացման հետ, բանկերը ստիպված բարձրացրել են դրանց տոկոսադրույքները: ԿԲ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի ջանքերով, ստեղծվելու է հիպոտեկային հիմնադրամ, որը կնպաստի երկրում շինարարության տեմպերի աճին: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը 30 միլիարդ դրամ է, որից 5 միլիարդը տրամադրելու է Կենտրոնական բանկը, իսկ մնացածը՝ կառավարությունն ու մասնավոր հատվածը:

Ըստ ԿԲ ղեկավարի, Հայաստանի առեւտրային բանկերն այսօր բավարար միջոցներ ունեն հիպոտեկային շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Անդրադառնալով Համահայկական բանկի ստեղծման գաղափարին, Ա. Ջավադյանը ասել է, որ ներկայումս բանկի ղեկավարի թափուր պաշտոնի համար փնտրվում են թեկնածուներ, իսկ բանկը կսկսի գործել 2009 թ. հունիսին:

Ա. Ջավադյանը հայտարարել է նաեւ, որ դոլարիզացիայի մակարդակը ներկա պահին Հայաստանում կազմում է ավելի քան 70%, մինչդեռ նախորդ տարեվերջին այն մոտ 35% էր: Այս երեւույթի դեմ պայքարելու համար Ազգային ժողով է ներկայացվել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ, որի ընդունման նպատակը երկրում դրամի պահանջարկի մեծացումն ու դոլարացման մակարդակի նվազեցումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել