Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացահայտում՝ շուրթերի միջոցով

Ապրիլ 09,2009 00:00

Շուրթերն «արտացոլում» են մարդու խառնվածքը

Ասում են՝ նայելով մարդու դեմքին, կարող ես իմանալ նրա զգացմունքների, կենսափորձի, հաճախ նաեւ՝ հնարավորությունների մասին: Չինացի ֆիզիոգնոմիստները բերանը համարում են մարդու ճակատագիրն ու խառնվածքը որոշող կարեւորագույն միջոցներից մեկը. մարմինը բերանի միջոցով է ստանում ինչպես սնունդը, այնպես էլ՝ օդը: Երկուսն էլ հույժ կարեւոր գործոններ են կյանքի պահպանման համար: Բերանը նաեւ խոսակցական ապարատ է, հենց նրա միջոցով ենք մենք կարողանում արտահայտել մեր մտքերը՝ բացահայտելով մեր խառնվածքի յուրահատկությունները:

Եվ ինչպես գիտնականներն են պնդում՝ բերանի չափն ու ձեւն օգնում են լուսաբանել մարդու ներքին էներգիան, այսինքն՝ որքան ուժեղ է նա հոգեպես, եւ որքանով՝ ընդունակ դիմակայել բոլոր մահերին ու հաղթել հանուն կյանքի մղվող պատերազմում…

Կատարյալ է համարվում այն բերանը, որի վերին եւ ներքին շուրթերը չափերով նույնն են՝ ոչ շատ հաստ եւ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնի: Կանանց դեպքում դրանք փափուկ են, տղամարդկանց դեպքում՝ պինդ:

Եթե ձեր բերանն այդպիսին է, ապա դուք սիրառատ, առատաձեռն, արդար, վճռական մարդ եք, կարճ ասած՝ կատարելություն: 40 տարին բոլորելուց՝ ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը շլացուցիչ ձեւով կարտահայտվի 50 տարեկանից հետո:

Նոր լուսնի բերան. այսպիսի անուն են վաստակել այն շուրթերը, որոնք նորալուսնի են նման: Այդպիսի բերանի անկյունները մշտապես փոքր-ինչ վեր են ցցված՝ կազմելով անկրկնելի ժպիտ: Նրանց տերը մտքի կուռ տրամաբանական կառուցվածք ունի, ի վիճակի է բազմակողմանի եւ շատ համոզիչ բացատրել ու պնդել իր տեսակետը, օժտված է կենտրոնանալու ունակությամբ եւ դրսեւորում է ծայրահեղ համառություն: Որպես կանոն՝ այսպիսի բերան ունենում են գեղարվեստի ասպարեզում տաղանդավոր, շնորհալի մարդիկ:

Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք հասարակության մեջ հեղինակավոր դիրք են գրավում՝ շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եւ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք մշտապես պրպտումների մեջ են՝ ստեղծող, հայտնագործող: Եթե վայելում եք այդպիսի մարդու վստահությունը, ապա կարող եք ձեր հույս դնել նրա վրա՝ բոլոր հարցերում: Նկատի ունեցեք՝ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են իրենց խոր հոգեկան ապրումները:

Ամենականացի են համարվում ժապավենի ձեւ ունեցող շուրթերը: Դրանք խոսում են հմայքի, սեթեւեթության, զգայականության եւ, միաժամանակ, անկեղծության բացակայության ու ստախոսության մասին: Այդպիսի շուրթեր ունեցող տղամարդը իշխանատենչ է ու թեթեւամիտ: Ընդհանրապես, նման մարդիկ սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Որպես կանոն՝ նրանք բարեսիրտ են, ակտիվ, ընդունակ՝ լուծելու զանազան պրոբլեմներ:

Փոքր-ինչ առաջ մղված խոշոր ու հաստլիկ շուրթերը խոսում են տիրոջ խորը զգայականության եւ բարության մասին: Այդպիսի մարդը հիանալի տիրապետում է իր զգացմունքներին եւ նրան շատ դժվար է դուրս բերել հավասարակշռությունից: Ընդունակ է արժանի պատասխան տալ իրեն վիրավորել փորձողին՝ մնալով կայուն, հանդարտ հոգեվիճակում: Նա շատ տպավորվող է ու լավատես: Հաճախ ընկերները նրան են դիմում հոգեկան ընկճվածության, անհանգստության պահերին՝ փնտրելով աջակցություն եւ օգնություն: Այս մարդ-օպտիմիստին հոգեհարազատ են շփումները եւ նա հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում:

Մեծահոգություն. այս արժանիքն ունեցողի շուրթերը սովորաբար փոքր-ինչ ծուռ են, բերանի անկյուններից մեկը թեքված է ներքեւ, իսկ մյուսը՝ վեր: Այսպիսի բերան ունեցողները նաեւ հիանալի հռետորներ են: Կյանքում նրանք ցանկացած ընկերախմբի հոգին են: Սիրում են ամեն բան մի փոքր չափազանցնել, սակայն դա անում են միայն թատերական էֆեկտ ստեղծելու նպատակով: Եթե գործ ունեք այդպիսի մարդու հետ, ապա հարկ է հիշել, որ նա խիստ զգայական է եւ միշտ օգտագործում է իր սրամտությունը՝ սեփական անձի պաշտպանության նպատակով: Նրանց բախտը միշտ բերում է փողային հարցերում, սակայն միշտ ծախսում են ավելի, քան կարող են իրենց թույլ տալ:

Իշխանատենչություն. այս հատկությամբ օժտված մարդկանց վերին կամ ներքին շուրթը փոքր-ինչ ուռուցիկ է եւ առաջ մղված: Նրանք միշտ պատրաստ են փոխհամաձայնության գալ, անվճռական են, միեւնույն ժամանակ՝ ծայրահեղ իրավիճակներում ընդունակ են դիմել անսպասելի վճռական քայլերի, առճակատման ժամանակ՝ հաղթանակել: Ներողամիտ են իրենց ցավ պատճառողի նկատմամբ: Իշխանատենչ են եւ իրենց մեջ կրում են չդրսեւորված էներգիայի պաշարներ: Տարիքի հետ նրանք երբեմն ապօրինի կապեր են հաստատում:

Կարմիր ու փայլող շուրթերով մեծ բերանը բնորոշ է իշխանություն ունեցող, հաջողակ, ազնվական մարդկանց: Այսպիսի շուրթեր ունեցողը ձգտում է հանրաճանաչ դառնալ, սակայն, միեւնույն ժամանակ, պահպանում է ընտանեկան կապերը: Կյանքում որոշակի նպատակ չունի եւ հազվադեպ է ավարտին հասցնում ծավալուն նախագծերը: Սուր լեզու ունի, սիրում է ծաղրել: Այդպիսի մարդը փորձում է վայելել այն ամենը, ինչ կյանքը տալիս է իրեն: Նրա թերությունը ժլատությունն է:

Ե՛վ տղամարդու, ե՛ւ կնոջ դեպքում փոքր բերանը խոսում է նրա թույլ խառնվածքի, սեփական ուժերի հանդեպ անվստահության մասին: Այդպիսիք մշտապես շրջապատի հավանության կարիքն ունեն: Որոշ չափով կասկածամիտ են: Զգուշավորությունը, հատկապես՝ ֆինանսական հարցերում, նրանց կարգախոսն է: Երբեմն բախտը չի ժպիտում նրանց անձնական կյանքում: Չափազանց արդար են եւ նույնը պահանջում են նաեւ շրջապատողներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել