Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ Հայաստանից մրցահարթակ մտավ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 100 կգ, հրումում՝ 128 (այս արդյունքը Հայաստանի ազգային հավաքականի մեդալների պաշարը համալրեց մեկ փոքր բրոնզե մեդալով) եւ երկամարտի 228 կգ արդյունքով մրցապայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում:
Առաջին հայացքից նախորդ օրը տղամարդկանց 69 կգ քաշային կարգում առաջին անգամ Հին Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճած երիտասարդ ծանրորդ Առաքել Միրզոյանի նվաճման ֆոնի վրա Եվրոպայի չեմպիոնուհու եւ աշխարհի ուժեղագույն ծանրորդուհիներից մեկի համար այս ցուցանիշը որպես նահանջ կարելի է գնահատել: Սակայն սա իրականում հաղթանակ է: Հաղթանակ՝ նախ եւ առաջ ինքն իր նկատմամբ, որը Մելինեի պարագայում ավելի է, քան հերթական անգամ Եվրոպայի առաջնության պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրանալը:
Մարզասերները լավ են հիշում, որ «Առավոտը» տեղեկացրել է, որ դեռեւս օլիմպիական խաղերին նախորդած ուսումնամարզական վերջին հավաքի ժամանակ Մելինեի մոտ առողջության հետ կապված անակնկալ խնդիր էր առաջացել: Եվ Ռուսաստանի ամենաբարձրակարգ բժիշկները նրան մանրամասն հետազոտելով՝ արգելել էին Պեկին մեկնել: Ավելին, վտանգ կար, որ հանրապետության 2008 թվականի եւ աշխարհի լավագույն կին ծանրորդների տասնյակում տեղ գրավող մարզուհին կարող է նաեւ հարկադրված հրաժեշտ տալ մեծ սպորտին:
Սակայն Դալուզյանը մի տեւական ժամանակ բուժվելուց հետո բոլորովին վերջերս է վերսկսել լուրջ մարզումները: Այնպես որ, նույնիսկ այսքանից հետո լավագույնների մեջ տեղ զբաղեցնելն արդեն իսկ նվաճում է: