Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «ստանդարտները» «Արմյանսկիի» սրտով չեն

Ապրիլ 09,2009 00:00

\"\"Կարծում է ՈՒՀԱ «Արմյանսկի ստանդարտ» թիմի անդամ եւ ադմինիստրատոր Վահագն Դավիթավյանը:

Ուրախների եւ հնարամիտների առաջին հայկական ակումբը (ՈՒՀԱ), որն ասպարեզ եկավ 1980-ականներին, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմն էր, նրան հաջորդեց Երեւանի բժշկական համալսարանի թիմը, որը հետագայում վերանվանվեց «Շարմ», ավելի ուշ երեւան եկան «Նոր հայերը»: Այդ թիմերն իրենց ժամանակին մեծ հաջողությամբ ներկայացան ԽՍՀՄ-ում: Այսօր արդեն ՈՒՀԱ ակումբներ գործում են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Ապրիլի 2-ին, մասնակցելով Օդեսայում կայացած ՈՒՀԱ-ի միջազգային միության Ուկրաինայի առաջին լիգայի 1/8 եզրափակիչին, ԱՊՀ 23 թիմերի հետ պայքարում Վանաձորի «Արմյանսկի ստանդարտը», 10 հնարավորից հավաքելով 10 միավոր, անցավ միանգամից կիսաեզրափակիչ, որը կայանալու է աշնանը, Օդեսայում:

«Առավոտը» զրուցեց «Արմյանսկի ստանդարտ» թիմի մասնակից եւ ադմինիստրատոր Վահագն Դավիթավյանի հետ: Նա տեղեկացրեց, որ թիմը ստեղծվել է 2002 թ., իսկ արդեն 2003-ին հանդես է եկել Սոչիում անցկացվող ամենամյա «ԿԻՎԻՆ» միջազգային փառատոնին, որին մասնակցում էր շուրջ 500 թիմ՝ նախկին ԽՍՀՄ-ից ու Եվրոպայից: «Այստեղ մեզ նկատեցին Ուկրաինայի «Ինտերլիգայից» եւ հրավիրեցին «ԿԻՎԻՆ-2004» միջազգային խաղերին: 2004-05 թթ. հանդես եկանք սանկտպետերբուրգյան լիգայում ու հասանք մինչեւ եզրափակիչ: Վերջինիս չմասնակցեցինք՝ հովանավոր չունենալու պատճառով: 2006-ին դարձյալ մասնակցեցինք «ԿԻՎԻՆ»-ին: Նշեմ, որ այս տարվա հունվարի 12-ին մասնակցել ենք Սոչիում կայացած «ԿԻՎԻՆ»-ին, որն անցնում է հանրահայտ Ալեքսանդր Մասլյակովի գլխավորությամբ: Ստանալով Ա. Մասլյակովի հրավերը՝ մասնակցելու ՈՒՀԱ-ի միջազգային լիգաներից մեկին, մենք նախընտրեցինք խաղալ Ուկրաինայի առաջին լիգայում, քանի որ, նախ՝ հիշյալ լիգան ունի բարձր վարկանիշ, եզրափակիչում հաղթողը մասնակցում է Ուկրաինայի բարձրագույն կամ մոսկովյան «պրեմիեր լիգայի» խաղերին, ինչը ցուցադրվում է OPT-ով»,- տեղեկացրեց Վ. Դավիթավյանը: Հարցին, թե ովքե՞ր են իրենց աջակցում, մեր զրուցակիցը առանց անուններ նշելու հայտնեց, որ թիմին աջակցում են պաշտոնյաներ եւ գործարարներ՝ Վանաձորից. «Մինչ «վանաձորյան» աջակցությունը, այդ խնդրով դիմել էինք ՀՀ նախագահին ու վարչապետին եւ նրանց միջնորդությամբ «Արմյանսկի ստանդարտին» ձեռք մեկնեց ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարությունը»: Նա հայտնեց իր հիացմունքը Օդեսայի հայ համայնքի նկատմամբ. «Պետք էր տեսնել հայերի այն մեծ խումբը, որ մեզ «բալետ» էր անում եւ այս ամենը՝ շնորհիվ Ուկրաինայի հայ երիտասարդության նախագահ Արտյոմ Քարաջյանի: Ասեմ, որ նրա մայրը «Օդեսսկի վեստնիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիրն է»:

Մեր հարցին՝ ինչո՞վ բացատրել հայկական բարձրակարգ հումորը «դրսում» եւ դրա հակառակ համեմատականը՝ հայաստանյան TV-ներում ու բեմերում, Վ. Դավիթավյանն ասաց. «Մենք բիզնես չենք անում, ինչը ժամանակին չեն արել պոլիտեխնիկցիները, բժշկականի ուսանողները, «Նոր հայերը»: Մինչդեռ այսօր Հայաստանում հումորային շարք արվում է փող վաստակելու նպատակով»: Հետաքրքրությանը, թե «Արմյանսկի ստանդարտը» երբեւէ ստացե՞լ է աշխատանքի հրավեր հայաստանյան ռադիոներից ու TV-ներից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վանաձորում եղել են հրավերներ, Երեւանում՝ ոչ: Նույնիսկ եթե երեւանյան TV-ներում կամ ռադիոներում հումորային շարք վարելու կամ ստեղծելու առաջարկ ստանանք, կհրաժարվենք, քանի որ, ուզած-չուզած, դատելով այն «պրոդուկտից», ինչը հրամցնում են TV-ները եւ ինչին արդեն սովորել է հանդիսատեսը, մենք էլ պետք է իջնենք այդ մակարդակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել