Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ապրիլ 09,2009 00:00

Թանգարանի հիմնադիր Սերգեյ Գասպարյանն այլ բան է պնդում, թանգարանին «ապաստան» տված Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ լրիվ հակառակը:

\"\"
Սերգեյ Գասպարյանը պնդում է, որ իր «Զվարթոց» աշխատանքը գողացված է:

«Առավոտի» խմբագրություն էր եկել Բյուրեղավանի նախկին «Հայբյուրեղապակի» գործարանի գլխավոր նկարիչ Սերգեյ Գասպարյանը, որը ժամանակին կիրառական արվեստի նմուշների թանգարան է ստեղծել: Նա մեծ ավանդ ունի հայկական բյուրեղապակու արտադրության պատմության մեջ, նրա աշխատանքները մասնակցել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: Նման մի ցուցահանդեսից հետո՝ 1973-ին, «Սովետսկայա կուլտուրա» ամսագիրը գրել էր, որ արվեստաբանության մեջ ի հայտ է եկել նոր հասկացություն՝ հայկական բյուրեղապակի: Ս. Գասպարյանը հավաստիացնում է, որ ամեն ցուցադրության ու տոնավաճառի մասնակցելուց հետո, Հայաստանի հետ կնքվում էին պայմանագրեր, որոնց արդյունքում տարեկան պետբյուջե էր մուտքագրվում 25-30 մլն ռուբլի:

1997-ին «Հայբյուրեղապակի» գործարանը սեփականաշնորհվեց, ու նկարիչը տարիներ շարունակ տարբեր ատյանների ու պաշտոնյաների գրավոր ու բանավոր դիմելուց հետո, վերջապես հնարավորություն ստացավ փրկել իր հիմնադրած թանգարանը, եւ բյուրեղապակու բացառիկ հավաքածուն (790 նմուշ) տեղափոխել Հայաստանի ազգային պատկերասրահ: Այժմ Ս. Գասպարյանը պնդում է, որ թանգարանի ամբողջականությունը խախտված է, նմուշները՝ վաճառված կամ գողացված, եւ այդ ամենի մեղավորը պատկերասրահի տնօրինությունն է ու ՀՀ մշակույթի նախարարությունը, որոնք միտումնավոր ջնջում են հայ ապակեգործության պատմությունը:

Անցյալ տարվա հունիսին, մտահոգ՝ բյուրեղապակու թանգարանի ճակատագրով, ՀՀ կառավարությանը նամակ էին հղել նաեւ ՌԴ ժողովրդական նկարիչ Ա. Կուրիլովը, ՌԴ վաստակավոր նկարիչ Վ. Կասատկինը, Գուսեւյան բյուրեղապակու գործարանի գլխավոր նկարիչ Վ. Զայցեւը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, փոխտնօրեն Ժաննա Հարությունյանը եւ գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը հերքում են Սերգեյ Գասպարյանի ասածները: Փ. Միրզոյանն ասաց, որ որպես կոլեգա, Ս. Գասպարյանին ինքը հրավիրել է պատկերասրահ ու 3 ամսով աշխատանքային պայմանագիր կնքել, որպեսզի նրա հարուստ փորձն ու գիտելիքները օգտագործվեն ֆոնդերում աշխատանքի ժամանակ: Ինչ վերաբերում է բյուրեղապակու մշտական ցուցադրություն կազմակերպելուն, այն էլ՝ ամբողջ աշխատանքների, պատկերասրահի տնօրենի խոսքով, անհնար է. «Նման ցուցահանդեսի համար բավականին մեծ ծախսեր են պահանջվում, իսկ պատկերասրահը հնարավորություն չունի, որ միայն ապակյա 700 աշխատանք ներկայացնի, բայց մի մասը ցուցադրվում է»: Պարոն Միրզոյանը հավելեց, որ Արզնիի բյուրեղապակու նորաբաց գործարանն էր ցանկություն հայտնել հայկական բյուրեղապակու պատմությունը փաստող ցուցադրություն կազմակերպել իրենց հարկի ներքո, ինչը արվել է օրենքով, սակայն Ս. Գասպարյանի բողոքներից հետո դրանք կրկին վերադարձվել են Ազգային պատկերասրահ: «Նկարիչները պետք է հասկանան, երբ իրենց գործերը ընդգրկվում են Ազգային պատկերասրահի ֆոնդերի մեջ, արդեն պատկերասրահի տնօրինությունն է նախարարության հետ միասին որոշում ինչպես վարվել դրանց հետ՝ ցուցադրել, ֆոնդերում պահել եւ այլն»,- պարզաբանեց Փ. Միրզոյանը: Գլխավոր ֆոնդապահն էլ հավելեց. «Բյուրեղապակու հավաքածուն Արզնիի բյուրեղապակու գործարանից 2002 թ. հանձնվել է Ազգային պատկերասրահին, առկա են մուտքագրման ակտերը, բոլոր առարկաները ստացել են իրենց ինվենտար համարները: Իսկ եթե ունեն ինվենտար համար, նշանակում է դրանք արդեն պատկերասրահի սեփականությունն են… Բյուրեղավանի բյուրեղապակու գործարանին 410 առարկա՝ ակտով հանձնել էինք ժամանակավոր պահպանության, նույնիսկ կցված աշխատակից ունեինք, որը ամիսը մեկ գնում- նայում էր ինչն ինչոց է եւ գալիս զեկուցագիր գրում այդ մասին: Սերգեյ Գասպարյանի բողոքներից հետո, մշակույթի նախարարի հրամանով, 2008թ. դեկտեմբերի 10-ին բոլոր առարկաները վերադարձվեցին պատկերարահ: Այժմ մեզ մոտ ցուցադրվում է 51-ը, ավելիի հնարավորություն չկա: Դրանց մեջ ե՛ւ Սերգեյ Գասպարյանը կա, ե՛ւ Կամո Պողոսյանը… Ախր ո՞նց կարող է պատկերասրահի Հայ արվեստի բաժինը միայն բյուրեղապակիով լցված լինի: Վերջին հաշվով, ցուցադրությունն իր գիտական կոնցեպցիան ունի, թանգարանն էլ՝ սահմաններ: Մենք չենք կարող ստեղծագործողի քմահաճույքով թանգարան բացել: Ճիշտն ասած, Սերգեյ Գասպարյանի մեջ նման ցանկություն է առաջացել, երբ ինքը Գյուրջյանի դահլիճներն է տեսել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել