Ամերիկյան Վերմոնտ նահանգը օրինականացրել է միասեռ ամուսնությունները. այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած՝ արվամոլներն ու լեսբուհիները կարող են պաշտոնապես ամուսնություն կնքել: Երեքշաբթի օրը նահանգի կոնգրեսը ձայների մեծամասնությամբ ընդունեց համապատասխան օրենք՝ զրկելով այդպիսով նահանգապետ Ջիմ Դուգլասին վետոյի իրավունքից: Newsru.com-ը հիշեցնում է, որ Դուգլասը խոստացել է դիմադրել նման օրենքի ընդունմանը, քանի որ գտնում է, որ ամուսնությունը միություն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Օրինագծի քննարկումը բավականին դրամատիկ բնույթ էր կրում. ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կոնգրեսականներն իրենց գործընկերներին ներկայացրին սեփական սիրային պատմությունները՝ որպեսզի համոզեն, թե որքան կարեւոր է նման օրենքի ընդունումը: Օրենսդիրներից ոմանք իսկապես ազդվեցին այդ պատմություններից, ոմանք էլ կողմ քվեարկեցին՝ պարզապես կուսակցական կարգապահությունից ելնելով: Վերմոնտը առաջին նահանգն է, որը միասեռ ամուսնություններին օրենքի ուժ տվեց, սակայն նման ամուսնությունները թույլատրված են ԱՄՆ-ի եւս երեք նահանգներում: Կոնեկտիկուտում, Մասաչուսեթսում եւ Այովայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ընտանիք կազմելու իրավունքը պաշտպանեցին դատարանի միջոցով, եւս չորս նահանգ պատրաստվում է համապատասխան օրենքներ ընդունել: Մի քանի օր առաջ Այովա նահանգի գերագույն դատարանը հաստատեց, որ իշխանություններն իրավունք չունեն մերժել արվամոլներին եւ լեսբուհիներին՝ գրանցել իրենց ամուսնությունները, քանի որ դա կլինի սահմանադրության խախտում: