Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի կարծիքով, այս պահին պետք է վստահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա բանակցային գործընթացը, Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ նաեւ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ հարաբերությունները «նորմալացնելու» ցանկություն ունեցել են: «Այստեղ արդեն մոտեցումների խնդիր է, թե այդ նպատակին հասնելու համար ինչպիսի՞ մարտավարություն է կիրառվում: Ահավասիկ, այստեղ է, որ տարբերվում են քաղաքականության մանրամասները»,- նշեց Հայաստանի նախկին արտգործնախարարը: Օսկանյանի կարծիքով. «Այս պահին մենք ամբողջությամբ պետք է վստահենք այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է, ընդունենք, որ ճիշտ դատողություն է արվում, հաշվարկները ճիշտ են եւ սպասել արդյունքների»: Վարդան Օսկանյանի խոսքով, վերջին տասնամյակում Թուրքիան, իր իսկ վարած քաղաքականության հետեւանքով, կանգնել է երկընտրանքի առջեւ: Նախկին արտգործնախարարի գնահատմամբ, Թուրքիայի ազգային շահերը պահանջում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, ինչին, սակայն, խանգարում է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը: Ընդ որում, Օսկանյանի կարծիքով, Հայաստանը այս իրավիճակում չի կարող պարզապես սպասել Թուրքիայի ընտրությանը, քանի որ ժամանակը մեր օգտին չի աշխատում: «Կարող ենք ասել՝ սպասենք 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց այնքան ժամանակ, որ մի պրոցես արդեն գոյություն ունի, եւ այդ պրոցեսի բովանդակությունը բոլորի համար արդեն բաց է, եւ խոսվում է համատեղ հանձնաժողովի մասին, սահմանների բացման մասին, դիվանագիտական հարաբերությունների մասին, փոխադարձ սահմանների ճանաչման մասին, մենք չենք կարող պարզապես ասել, որ ժամանակը ցույց կտա», – եզրակացրեց Վարդան Օսկանյանը: Այդուհանդերձ, Օսկանյանի գնահատմամբ, «գնդակը այս պահին Թուրքիայի դաշտում է գտնվում»: