Մոլդովական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի եւ նախագահական նստավայրի շենքերը Քիշնեւում, որոնք ավելի վաղ գրավել էին ընդդիմության կողմնակիցները: Ըստ BBC-ի, այժմ այդ շենքերի շրջակայքում որեւէ ցուցարար չի երեւում: Ընդդիմության առաջնորդները կոչ են արել լքել Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնը՝ վերադառնալու խոստումով: Անկարգությունների պատճառով տուժել է մոտ 100 հոգի: Ոստիկանությունն իր հերթին հաղորդում է, որ վիրավորվել է 96 ոստիկան, որոնցից 43-ը տեղափոխվել են հիվանդանոց եւ 2-ը ծանր վիճակում են: Ոստիկանության խոսնակը նաեւ հայտնել է, որ երեկ իրավապահները կարողացան Քիշնեւի կենտրոնում ցրել կողոպտիչների մի մեծ խումբ: Ըստ նրա, ոստիկանությունը զենք օգտագործել է, ճիշտ է, կրակում էր դատարկ փամփուշտներով: «Հիմնականում դա հարբած եւ թմրադեղերի ազդեցության տակ գտնվող ամբոխ էր»,- ավելացրել է խոսնակը:
Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալվել է զանգվածային անկարգությունների 193 մասնակից, այդ թվում՝ 8 անչափահաս: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների, 101 տեղանոց խորհրդարանում կոմունիստները կստանան մոտ 60 ձայն: Նախագահի սեփական թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ է 61 ձայն: Եթե մինչեւ հունիսի 8-ը չհաջողվի նոր նախագահ ընտրել, ապա անցկացվելու են նոր խորհրդարանական ընտրություններ: