Երեքշաբթի օրը ԱՄՆ Միսուրի նահանգի Մինֆիլդ քաղաքի ընտրություններն անսպասելի արդյունքներ տվեցին: Քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ ձայների ճնշող մեծամասնությունն է ստացել Հարրի Սթոունբրեյքերը, որը մահացել է մեկ ամիս առաջ: 69-ամյա Սթոունբրեյքերին, որը մահացել է մարտի 11-ին՝ սրտի կաթվածից, իրենց ձայներն են տվել քաղաքի բնակիչների 90%-ը: Քաղաքապետի մահվան օրը քվեաթերթիկներն արդեն տպագրված էին եւ քվեարկությունն արդեն սկսվել էր: Տեղացի դիտորդները գտնում են, որ Սթոունբրեյքերի ժողովրդականությունը բարձրացել է միայն նրա մահվանից հետո: Նախկին շինարարը, որն ամբողջ կյանքն ապրել է Մինֆիլդում, թոշակի անցնելուց հետո սկսել էր մասնակցել ընտրություններին եւ 3 անգամ ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այժմ քաղաքի խորհուրդը պետք է նշանակի քաղաքապետի պաշտոնակատար՝ մինչեւ 2010 թվականի ապրիլին կայանալիք նոր ընտրությունները: Պաշտոնակատարի հիմնական հավակնորդն է Սթոունբրեյքերի մրցակիցը, որը ստացել է ընդամենը 10% ձայն: Հետաքրքիր է, որ դա առաջին նման դեպքը չէ: 2000 թվականին Սենատի ընտրություններում հաղթել է Մել Քարնահանը, որը մահացել է քվեարկություններից 2 շաբաթ առաջ: Իր տեղը Սենատում զբաղեցրեց Քարնահանի այրին: