Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական քննությունները՝ հունիսի 2-ից

Ապրիլ 09,2009 00:00

Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ այս տարի քննությունների անցկացման ընթացակարգում փոփոխություններ չեն նախատեսվում:

Ընդամենը մեկ շաբաթից՝ ապրիլի 16-ին, վերջնականապես կավարտվի պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Ի՞նչ է կատարվում հիմա ԳԹԿ-ում, ինչպե՞ս են պատրաստվում առաջիկա քննություններին:

Մեր այս հարցերին պատասխանեց ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը. «Մարտի 16-ին ավարտվել է պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացի առաջին փուլը: Այժմ ԳԹԿ-ում դիմում-հայտերը բազայավորվում են: Ստացված տվյալների համաձայն՝ կազմվում են ցուցակներ, որոնք ուղարկվում են դպրոցներ՝ ճշգրտման: Մինչեւ ապրիլի 16-ը շրջանավարտները հնարավորություն կունենան հաստատել նախապես իրենց ներկայացրած հայտերը կամ դրանցում կատարել փոփոխություններ. այն է՝ փոխել ընտրված առարկան կամ քննության տեսակը՝ միասնական կամ ավարտական: Հիշեցնեմ, որ միասնականից ավարտականին անցնելու դեպքում վերադարձվում է քննության համար վճարված գումարը: Դրա համար շրջանավարտը պետք է դիմում գրի ԳԹԿ տնօրենի անունով: Ունենալով յուրաքանչյուր առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը, այժմ սկսել ենք աշխատանքներ՝ քննական կենտրոններ ձեւավորելու ուղղությամբ, որոշելով, թե որ առարկայից քանի կենտրոն պետք է ձեւավորել»:

Իսկ ի՞նչ սկզբունքով են ձեւավորվելու քննական կենտրոնները՝ մեր այս հարցին ի պատասխան պարոն Փաշայանն ասաց. «Որոշվել է նվազեցնել քննական կենտրոնների թիվը՝ ի հաշիվ մեկ կենտրոնում տեղակայված աշակերտների թվի: Եթե նախորդ տարի 150-180 շրջանավարտով քննական կենտրոններ կային, այժմ միտում կա նրանց թիվը հասցնել 250-300-ի, այսինքն՝ քննությունները դպրոցների փոխարեն կկազմակերպվեն առավել մեծ դահլիճներում: Սա հնարավորինս կնվազեցնի քննական գործընթացները կազմակերպող մարդկանց թիվը՝ քննական կենտրոնի ղեկավարներ, ԳԹԿ, ԿԳՆ ներկայացուցիչներ, կազմակերպիչներ, լիազորներ եւ այլն: Քննասենյակները ձեւավորելիս անպայման հաշվի ենք առնելու յուրաքանչյուր աշակերտի համար առնվազն 2 քմ տարածք պահպանելու չափանիշը: Այս պարագայում հնարավոր կլինի պահպանել նաեւ սեղանների հեռավորությունը՝ բացառելու արտագրելու, հուշելու հնարավորությունները: Այս տարի առավել բծախնդրորեն ենք վերապատրաստելու կազմակերպիչներին եւ ղեկավարներին, իսկ մարզերում վերահսկողությունն ուժեղացնելու խնդիր ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ նկատելի է մի միտում. նախկինում, եթե մարզի այս կամ այն բնակիչը գալիս, մայրաքաղաքում էր ավարտում դպրոցը, միաժամանակ կրկնուսույցի մոտ պարապում, այսօր կան այնպիսի շրջանավարտներ, որոնք, մայրաքաղաքի դպրոցներից դուրս գալով, գնում են մարզերում ավարտելու դպրոցը, հուսալով, որ այնտեղ անցկացվող քննությունների վերահսկողությունն ավելի թույլ կլինի: Այդ միտումը նկատի ունենալով՝ այս տարի կենտրոնների ղեկավարների առումով ավելի խիստ մոտեցում ենք ցուցաբերելու, եւ ԳԹԿ ներկայացուցիչներ լինելու են բոլոր քննական կենտրոններում»:

Ե՞րբ են այս տարի սկսվելու քննությունները, եւ ի՞նչ փոփոխություններ են սպասվում ընթացակարգում: Այս հարցերի պատասխանն էլ հետեւյալն էր. «Պետական ավարտական եւ միասնական քննությունների մեկնարկը հունիսի 2-ն է: Հնարավոր է, որ մեկ օրում 2 քննություն լինի: Որեւէ փոփոխություն ընթացակարգում, արդյունքների հրապարակման ժամկետներում՝ չկա: Նորամուծություններ չկան ոչ բողոքարկումների, ոչ էլ ընթացակարգային բողոքարկումների հարցում: Քննությունների առաջին հիմնական փուլից հետո սկսվելու է լրացուցիչ փուլի հայտերի ընդունումը արդեն ԳԹԿ-ում, որին կարող են մասնակցել առաջին փուլից հարգելի պատճառով բացակայածները, բանակից զորացրվածները, արտասահմանում կրթական տարբեր ծրագրով սովորողները, ինչպես նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Նշեմ, որ լրացուցիչ քննություններն անցկացվելու են Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել