Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Ապրիլ 09,2009 00:00

Մենք շարունակում ենք պարտվողի դիրքերում մնալ

«Սա մի երեւույթ է, որ ֆաշիստական Գերմանիայի ինֆորմացիայի տխրահռչակ նախարար Գեբելսի շնորհիվ առավել տարածվել է դեռեւս 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Իսկ տեխնոլոգիաների զարգացմանն ու ինֆորմացիայի տարածման ակնթարթությանը զուգահեռաբար, մարդիկ սկսեցին գիտակցել, որ հակառակորդի նկատմամբ ցանկացած հաղթանակ պետք է ունենա նաեւ տեղեկատվական բաղկացուցիչ»,- ասում է ԵՊՀ «Տեղեկատվական պատերազմներ» առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ սովորաբար տեղեկատվական պատերազմը հանդիսանում է շարունակություն կամ նախերգանք սովորական պատերազմի, մշտապես ուղեկցում է իրական պատերազմը, հաճախ էլ մաս է կազմում դիվանագիտական պատերազմների:

Տեղեկատվական պատերազմում օգտագործվող զենքը տեղեկատվական արտահոսքերն են կամ ավելի հաճախ՝ ապատեղեկատվությունը: Այս հարցում Հայաստանն ստիպված է պայքարել միաժամանակ երկու ճակատում՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական: «Արտաքնապես կարծես թե ադրբեջանցիների կողմից է ավելի սուր, ավելի հիստերիկ դրսեւորումներով եւ շատ մեծ ծավալներով: Լինում է օրվա մեջ 3-4 ապատեղեկատվություն ու մեղադրանքներ են տարածում: Թուրքիայի պարագայում դա շատ ավելի նուրբ է արվում»,- նկատում է ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն, փորձագետ Կարեն Վրթանեսյանը եւ հավելում, որ թեեւ թուրքերն էլ երբեմն կոպիտ քաղաքականություն են վարում, բայց շատ բան հենց ադրբեջանցիների ձեռքով են անում: «Թուրքերը վաղուց արդեն սովորել են, որ շատ ավելի արդյունավետ է աշխատել ոչ թե թուրքական անուններից, այլ եվրոպացու, ամերիկացու անունից: Այլազգի աջակցողների բավականին մեծ ցանց ունեն, որոնց, պարզ է, լավ վճարում են: Ու շատ հաճախ հայերի հանդեպ քննադատությունն ուրիշ ազգերից է հնչում: Թեեւ այդ մարդիկ թուրքերի վարձկաններն են, բայց շատերիս սկսում է թվալ, որ ողջ աշխարհը մեր դեմ է»,- ասում է Կ. Վրթանեսյանը:

Դ. Ալավերդյանի կարծիքով՝ այս հարցում ադրբեջանցիների գործողությունները այս պահին դեռեւս մի փոքր ավելի պրիմիտիվ են, մինչդեռ թուրքերի մոտ նույնիսկ գիտական ինստիտուտներ կան, որոնք նախապես պլանավորում են տեղեկատվական հոսքերը եւ շատ ավելի խորքային են գործում: «Իրենք ձգտում են կեղծել սեփական պատմությունը, անել այնպես, որ հետադարձ ճանապարհ չլինի: Եվ դա անում են բարձր մակարդակով, գիտականորեն մշակված: «Ավելորդ» փաստաթղթերը ոչնչացվում են, իսկ նրանք, որոնք կարելի է մի քիչ էլ ձեւախեղել, արժեւորել ի նպաստ իրենց, մղում են առաջին պլան»,- նշում է նա:

Ըստ Կ. Վրթանեսյանի դիտարկումների՝ տարեցտարի ադրբեջանցիներն ավելի են մասնագիտանում, զգացվում է, որ խորհրդականներ ունեն: «Փաստեր կան, որ իրենք արեւմտյան PR ընկերության ծառայություններից են օգտվում: Այդ ամենն իր արդյունքը տալիս է: Ինչքան էլ դիմացինը վատ կռվի, եթե հակառակորդն ընդհանրապես չի դիմադրում, ոնց էլ լինի՝ պարտվում է: Մեզ մոտ գրեթե չդիմադրելու վիճակ է»,- ասում է նա:

Դ. Ալավերդյանը համոզված է, որ Ադրբեջանում «ուսուցանող» սեւ PR-ի բազմաթիվ մասնագետների շնորհիվ ներկայիս սաղմնային վիճակն ընդամենը մի քանի տարվա խնդիր է: Ադրբեջանում կսկսեն ավելի լուրջ պատրաստված տեղեկատվական օպերացիաներ իրականացնել ՀՀ-ի դեմ, ինչն էլ, բնականաբար, իր տրամաբանական արդյունքը կունենա: Իսկ դա, Կ. Վրթանեսյանի համոզմամբ, մեծապես ազդում է արտաքին աշխարհի վրա: Ըստ նրա՝ հոգեբանական պատերազմի մի մասն էլ երրորդ ուժերին ուղղված քարոզչական գործողություններն են. «Արդյունքում հայերին ցույց տրվող աջակցությունը կնվազի. եթե վաղը պատերազմ սկսվի, Ադրբեջանի վրա ճնշումն ու հայերի հանդեպ կարեկցանքն ավելի քիչ կլինի»:

Ըստ Դ. Ալավերդյանի՝ ապատեղեկատվության հիմնական ազդեցությունը պետության՝ բասացական իմիջի ձեւավորումն է: Մինչդեռ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը համոզված է, որ դա այդպես չէ. «Դա առաջին հերթին հենց Ադրբեջանի դեմ է ուղղված: Անընդհատ ապատեղեկատվություններ տարածելով՝ իրենք են հաշտություն չցանկացող երկրի տպավորություն թողնում: Իսկ արտաքին աշխարհում հայերի մասին պատկերացումը ադրբեջանցիների տված տեղեկատվությամբ չեն կազմում: Փառք Աստծո, մեզ շատ լավ են ճանաչում, թե մշակույթով, թե պատմությամբ, թե գրականությամբ»:

Տեղեկատվական պատերազմներ մղելու հնարավորության տեսակետից Դ. Ալավերդյանը հայկական ԶԼՄ-ները բաժանում է երկու մասին՝ ներքին եւ արտաքին սպառման: Ներքին օգտագործմանն այն ԶԼՄ-ներն են, որոնց լեզուն հայերենն է եւ որոնք հեռարձակվում կամ տպագրվում են ՀՀ-ում: «Տեղեկատվական պատերազմ մղելու առումով դրանք պարզապես անարդյունավետ են»,- ասում է նա եւ նշում, որ նույնը կարելի է որոշ վերապահումներով ասել նաեւ «Հայլուրի» մասին: «Չնայած Հանրային հեռուստատեսությունը հեռարձակվում է արբանյակով, բայց հեռարձակման միակ լեզուն հայերենն է: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե արբանյակով հեռարձակվող «Հ1»-ն ունենար հաղորդաժամեր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն եւ հատկապես տեղեկատվական հակառակորդի լեզվով՝ ադրբեջաներեն եւ թուրքերեն»,- ասում է փորձագետը: Նրա կարծիքով, երբեմն ներքին սպառման համար նախատեսված ԶԼՄ-ների հրապարակումները հզոր զենք են դառնում հակառակորդի ձեռքում, քանզի յուրաքանչյուր հարմար առիթով նրանք ասում են. «Տեսեք, հենց իրենք՝ հայերն են գրում իրենց թերթերում»:

Երկրորդ խումբն այն ԶԼՄ-ներն են, որոնք ելք ունեն դեպի ինտերնետ եւ աշխատում են ռուսերեն, անգլերեն եւ այլ օտար լեզուներով: «Բնականաբար, տեղեկատվական տեսակետից վերջինները շատ ավելի արդյունավետ են: Բայց, ցավոք, դրանք եւս չեն կարող ընկալվել որպես ինֆորմացիայի օբյեկտիվ աղբյուրներ, քանի որ, եթե դու գիտես այդ կայքի պատկանելությունը, արդեն հասկանում ես, որ այն չի կարող գործել սեփական երկրի շահերին դեմ»,- ասում է Դ. Ալավերդյանը: Կարեն Վրթանեսյանը նկատում է. «Գրեթե բոլոր ադրբեջանական գործակալությունների կայքերն առնվազն երեք լեզվով են, հաճախ՝ չորս-հինգ, երբեմն անգամ՝ վեց: Ուշադրություն են դարձնում անգլերենին, ընդ որում՝ այնտեղ անգլերենի միջին մակարդակն ավելի բարձր է, քան այստեղ: Այդ առումով լավ աշխատում են»: Այս պատճառով Դ. Ալավերդյանն ավելի արդյունավետ է համարում տեղեկատվական մարտերը չեզոք դաշտ տեղափոխելը: «Խոսքն այն երկրների մասին է, որոնք կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորում խնդրին: Կարելի է նրանց հետ աշխատել այնպես, որ իրենց հասարակությունն էլ փորձի հասկանալ իրականությունը, եւ օգտագործել դրա համար բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ մեր Սփյուռքի ներուժը»,- ասում է Դ. Ալավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել