Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքն ու մարմնավաճառությունը

Ապրիլ 09,2009 00:00

Նվիրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի ավագանու ուղղակի եւ քաղաքապետի անուղղակի՝ առաջին ընտրությանը

Այս զուգահեռներն անցկացնելու միտքը ծագեց, երբ մի երեկո տուն էի գնում Երրորդ մասով, «Մայամի» ռեստորանի մատույցներով, Երեւանյան լճի կողքով: Հիշելի ժամանակներից «Մայամի» ռեստորանից ոչ շատ հեռու մարմնավաճառներն իրենց «ապրանքն» են վաճառում: Շատ ավելի մոտ անցյալում հայրենի իշխանությունները որոշեցին պայքարել այս արատավոր երեւույթի դեմ: Հիմա մարմնավաճառները կանգնում են նույն «Մայամի» ռեստորանի մոտ, սակայն դիմացի մայթին՝ նախկին «կայանատեղից» առավելագույնը 50 մետր հեռու: Զուտ ձեւական առումով անօրինական «առեւտուրը» դադարեցվել էր, «առեւտրի» տեղը մաքրվել, բայց իրականում՝ ամեն ինչ առաջվա պես էր մնացել: Այսպես է նաեւ ընտրակաշառքի դեպքում՝ իրական պայքարի փոխարեն միայն պայքարի իմիտացիա:

Մարմնավաճառությունը կա միշտ, ընտրակաշառքը՝ ընտրությունից ընտրություն: Մարմնավաճառություն կա աշխարհի բոլոր երկրներում՝ կիսազարգացածներից մինչեւ գերզարգացածներ: Ընտրակաշառք կա կիսազարգացած, թերզարգացած երկրներում: Իսկ մնացած դեպքերում մարմնավաճառությունն ու ընտրակաշառքը նման են: Գոնե՝ Հայաստանում: Մերօրյա Երեւանում շատուշատ մարդիկ են խոսում եւ ընտրակաշառքի, եւ մարմնավաճառության մասին՝ փնովում երեւույթը: Ոչ ոք չի ասում, որ երբեւէ ընտրակաշառք է վերցրել կամ մարմնավաճառի ծառայություններից է օգտվել:

Ընտրակաշառք բաժանողները օգտվում են երկրի սոցիալական ծանր վիճակից, երբ ցածր կենսաթոշակ ստացող քաղաքացու համար 10 000 դրամը փոքր գումար չէ: Մարմնավաճառները պնդում են, որ նույն երկրի սոցիալական ծանր վիճակի զոհեր են եւ կան այնպիսիները, որ իրենց ծառայության դիմաց 10 000 դրամ են ուզում:

Թե ընտրակաշառք տալու, թե մարմնավաճառության համար սոցիալական ծանր պայմանների մեղավորը իշխանություններն են:

Տարեցտարի կատարելագործվում են ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաները: Տարեցտարի բարելավվում են մարմնավաճառությամբ զբաղվելու պայմանները՝ ընդհուպ մինչեւ հարմարավետ սենյակներ՝ մոտիկ մի այլ սենյակում նստած սափրագլուխներով: Ընտրակաշառքի «բիզնեսով» զբաղվողները հսկայական փողեր են գրպանում: Մարմնավաճառների «բիզնեսով» զբաղվողներ էլ կան, որ ոչ պակաս մեծ գումարների հետ են խաղում:

Թե ընտրակաշառք վերցնելուց, թե մարմնավաճառի ծառայություններից օգտվելուց կարճ ժամանակ անց հասկանում ես՝ ինչ սխալ ես արել ու քեզ խաբված ես զգում: Թե ընտրակաշառք բաժանողները, թե մարմնավաճառները շատ լավ հասկանում են, որ գուցեեւ երեւույթը երկար գոյատեւի, սակայն գալու է մի պահ, որ իրենք ոչ մեկին պետք չեն լինելու, ուստի, քանի դեռ ժամանակները հարմար են, փորձում են առավելագույն օգուտ ունենալ:

Ես միամիտ չեմ, որ ենթադրեմ, թե մի օր վերանալու է մարմնավաճառությունը: Սակայն վստահ եմ, որ մի օր կվերանա ընտրակաշառքը, որովհետեւ մարդիկ կհասկանան, որ եթե մեկ գիշերվա կամ մեկ անգամվա համար մարմնավաճառին 10 կամ 15 հազար դրամ տալը դեռ կարելի է հասկանալ, ապա 4 կամ 5 տարվա համար 10 կամ 15 հազար դրամ վերցնելը պարզապես ծիծաղելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել