Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԻ ԵՐԵՔ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ

Ապրիլ 09,2009 00:00

\"\"Վարդան Դեւրիկյանի նոր գիրքը

Ոչ մեծ չափի այս գրքույկը՝ փայլող գույներով եւ փայլուն թղթի վրա, հայկական մանրանկարների ու եվրոպական գեղանկարչության կտավների հիանալի վերատպությամբ, ներկայացնում է միայն մեկ թեմա, միայն մեկ սյուժե, սակայն ինչպիսի՝ Խորհրդավոր ընթրիքը: Սա միայն մի դրվագ է ավետարանական պատմությունից, Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությունից: Կարեւոր չէ, դուք կաթոլիկ եք, թե ուղղափառ, կամ պատկանում եք Հայ առաքելական եկեղեցուն: Քրիստոնեության յուրաքանչյուր ճյուղ պատվում է խորհրդավոր ընթրիքը՝ որպես իր պատմության կարեւորագույն իրադարձություն:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը մենք գտնում ենք վերջերս հրատարակված «Խորհրդավոր ընթրիք. հայկական ավանդույթից մինչեւ Լեոնարդո» գրքում, որի հեղինակ Վարդան Դեւրիկյանը Մատենադարանի գիտաշխատող եւ միաժամանակ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Այս մասին ցանկանում եմ մի քիչ գրել: «Էջմիածին» ամսագիրը եղել եւ մնում է պաշտոնական ամսագիրը Հայոց եկեղեցու սուրբ աթոռի: Սակայն Վարդան Դեւրիկյանի ջանքերով այն վերածվել է նաեւ առաջնակարգ հայագիտական ամսագրի: Եվ սա այն տխուր ֆոնին, երբ մյուս հեղինակավոր եւ հին հրատարակությունները, ինչպիսիք են վիեննական «Հանդես ամսօրյա» եւ վենետիկյան «Բազմավեպը», նյութական դժվարությունների պատճառով դադարել են կանոնավոր հրատարակվել եւ վերածվել են գրեթե տարեգրքի: Փոխարենը «Էջմիածինը» այժմ կանոնավոր հրատարակում է առաջատար հայ գիտնականների հոդվածները, որոնք նվիրված են հայ ժողովրդի հին շրջանի պատմությանը եւ մշակույթին, գրքագիտությանը, ձեռագրագիտությանը եւ այլ բնագավառներին:

Վարդան Դեւրիկյանը, բացի «Էջմիածին» ամսագիրը գիտական նյութերով համալրելը, մտածել եւ սկսել է իրականացնել մի շատ հետաքրքիր ծրագիր՝ ոչ մեծ գրքույկների շարքով ընթերցողներին պատմել քրիստոնեական տոների մասին, որի ընթացքում, որպես տեսական նյութ, մեծապես օգտագործելով հայկական ձեռագրերի մանրանկարները:

Արդեն լույս է տեսել սիրով հրատարակության պատրաստված նրա «Պայծառակերպությունը եւ Վարդավառի տոնը» գիրքը եւ ահա այժմ «Խորհրդավոր ընթրիք. հայկական ավանդույթից մինչեւ Լեոնարդո» գիրքը, օրհնությամբ եւ հովանավորությամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի:

Ի՞նչն է խորհրդավոր ընթրիքում, որը նրան առանձնահատուկ տեղ է հատկացնում քրիստոնեության պատմության մեջ: Այն Հիսուսի վերջին հանդիպումն է առաքյալների հետ՝ խաչելությունից առաջ: Այդ երեկո Աստծո Որդին ասաց նրանց հատուկ կարեւորություն ունեցող խոսքեր եւ նրանց տվեց առանձնահատուկ կերպով կարեւոր օրինակներ:

Այդ օրինակներից մեկն է ոտքերը լվանալը: Արեւելքում տերերի ոտքերը լվանալը կատարում էին ծառաները, սակայն այդ երեկո տանը ծառաներ չկային: Առաքյալները վիճեցին, թե ով է գլխավորը, ով ում ոտքերը պետք է լվանա: Այդ ժամանակ Հիսուս լվաց նրանց բոլորի ոտքերը եւ սրբեց սրբիչով՝ այսպիսով ցույց տալով, որ ով բոլորից գլխավորն է՝ նա էլ պետք է լինի եւ բոլորից համեստը:

Ոտնլվան աստվածային անսահման սիրո եւ հաշտության օրինակ է, գրում է Վարդան Դեւրիկյանը: Լվացումը ունի եւ առանձնահատուկ իմաստ՝ մաքրումը մեղքերից: Հեղինակը վկայակոչում է Ասորական եկեղեցու հայրերից մեկի խոսքերը, համաձայն որոնց՝ ոտքերի լվացումը առաքյալների համար մկրտություն եղավ, որպեսզի այդ ձեւով մաքրված՝ նրանք կարողանան ընդունել հաղորդությունը:

Ոտնլվայով սկսվում է եւ Խորհրդավոր ընթրիքը: Նրանք բոլորը սեղանի մոտ էին հավաքվել Զատիկի առիթով, որը տոնում են ի հիշատակ հրեաների՝ եգիպտական գերությունից ազատվելու: Այդ ժամանակ ընդունված սովորույթով ճաշակում են զատկական գառը: Քրիստոս, սակայն, առաքյալներին թելադրում է վերաիմաստավորել ավանդական տոնը, Նա տալիս է նրանց հաց եւ ասում՝ կերեք, այս է Իմ մարմինը, եւ նրանց գինի է տալիս խմելու՝ ավելացնելով՝ այս է Իմ արյունը, որ թափվում է Ձեզ համար: Սա նշանակում է, որ զատկական գառի դերն իր վրա է վերցնում Քրիստոս, Նա խաչի վրա Իր զոհաբերությամբ Իր վրա է վերցնում մարդկության մեղքերը: Իսկ այն, ինչ տեղի էր ունենում զատկական սեղանի մոտ հացի եւ գինու հետ, խորհրդանշում է, որ առաքյալները հաղորդություն են ստանում, եւ այդ ժամանակներից ի վեր, մենք՝ հավատացյալներս, նախ մեղքերի թողություն ենք ստանում եւ ապա նոր՝ հաղորդություն:

Վարդան Դեւրիկյանը վարպետորեն շարադրում է մեզ համար պատմությունը, իմաստը եւ նշանակությունը Խորհրդավոր ընթրիքի: Շարադրանքի ընթացքում մենք տեսնում ենք բազմաթիվ հայկական մանրանկարներ:

Դարերի ընթացքում գրիչը եւ նկարիչը (ծաղկողը), ձեռնամուխ լինելով Ավետարանի կամ Նոր Կտակարանի հերթական նոր ձեռագրի ստեղծմանը, վստահ էր, որ այն պատկերներում, որոնք նա նկարելու էր, անպայմանորեն պետք է լիներ եւ Խորհրդավոր ընթրիքը:

Տարբեր ձեռագրերից այս գրքում ի մի հավաքված Խորհրդավոր ընթրիքի պատկերները Դեւրիկյանին հնարավորություն են տվել կատարելու այս թեմայով պատկերների սյուժետային դասակարգման գրավիչ աշխատանքը՝ նշելով նրա զարգացումը՝ ուշ անտիկ եւ վաղ քրիստոնեական սկզբնական ձեւերից մինչեւ 17-18-րդ դարերը: Հայկականից բացի, այս սյուժեն Դեւրիկյանի գրքում ես տեսա Ռավեննայի խճանկարներում, մեզ հասած հնագույն այնպիսի ձեռագրերում, ինչպիսիք են Ռոսանայի հունական Ավետարանը՝ գրված մագաղաթի վրա եւ պատված ծիրանագույնով կամ ասորական ռաբուլայի Ավետարանը՝ երկուսն էլ վեցերորդ դարից:

Ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացրեց արեւմտաեվրոպական Հալլե քաղաքի համալսարանում պահվող ձեռագրի մանրանկարի վերլուծությունը: Խորհրդավոր ընթրիքն այդ Ավետարանում եզակի է եւ չունի իր զուգահեռը: Դրանից բացի, Հալլեի համալսարանի ձեռագիրը գրվել է հինավուրց Արցախ-Ուտիքում, որն ինձ համար կարեւոր է նրանով, որ ես զբաղվում եմ հենց Արցախի մանրանկարներով: Ըստ երեւույթին այն ընդօրինակվել է Խորանաշատի վանքում, որտեղ ես եղել եմ մի քանի տարի առաջ:

Այսպես անցնելով ձեռագրից ձեռագիր՝ մենք միջնադարից վերջապես փոխադրվում ենք Վերածնության շրջան, եւ այստեղ Վարդան Դեւրիկյանը մեզ ցույց է տալիս նոր գեղանկարչության հայր Ջոտտոյի «Խորհրդավոր ընթրիքը»: Իհարկե, երբ Պադուայում գնում ես Սկրովեննայի նշանավոր մատուռը (կապելլան), որն ամբողջապես ծածկված է Ջոտտոյի որմնանկարներով, ապա առանձնահատուկ ուշադրություն չես դարձնում մեզ այսպես հետաքրքրող սյուժեին. Դեւրիկյանը, սակայն, ցույց է տալիս մեզ նկարչի նորարարությունը «Խորհրդավոր ընթրիքի» նրա որմնանկարում:

Միլանում Լեոնարդոյի որմնանկարը դիտելիս տեսնում ես, որ նա երեք պատուհան ունի: Ինչպես ես նախկինում ուշադրություն չէի դարձրել նրանց վրա: Այդ պատուհաններից դուրս, նրանց կապույտ լեռների շղթայի ետեւում դրախտային լուրթ երկինքն է, երջանիկ եւ անմար արշալույսը՝ մի այլ աշխարհ: Նա մեզ ձգում է այնտեղ, խոստանում է անբասիր լռություն:

Միստիկական այս երեք պատուհանները մեզ տանում են դեպի երջանիկ եւ ազատ տարածությունը եւ խոստանում են հավիտենական կյանք:

Մեզ նրանցից բաժանում է սեղանը, որի մոտ եռում են երկրային կրքերը: «Ձեզանից մեկը մատնելու է ինձ»: Քրիստոսն այս խոսքերն արտասանում է առանց զայրույթի եւ կասկածանքի: Նա խաղաղված է եւ թվում է, թե խորասուզված է Ինքն Իրենում: Նրա խոնարհված գլխին պատուհաններից իջնում է թույլ եւ կապույտ լույսը:

[….] Այս ամենի մասին մեզ հիշեցնում է Վարդան Դեւրիկյանը Լեոնարդոյի որմնանկարի իր հրաշալի վերլուծության մեջ, որում իրենց համոզիչ տեղն են գտել ե՛ւ Գյոթեի ու Ստենդալի կարծիքները, ե՛ւ իմաստուն դիտարկումները մեր ավագ ժամանակակիցներ Ա. Ջիվելեգովի եւ Վ. Վիպպերի: Նրանց օգնությամբ Դեւրիկյանը վերլուծում է առաքյալների ամեն ժեստը եւ շարժումը եւ կատարում այն եզրահանգումը, որ Լեոնարդոն հետեւել է մինչ այդ եղած ավանդույթին, այդ թվում եւ հայկական մանրանկարչության, որը հարուստ ձեւով ներկայացված է այս գրքում, եւ մյուս կողմից վեր է հանվում Լեոնարդոյի որմնանկարների նորարարական բնույթը:

Վարդան Դեւրիկյանի ամփոփիչ եզրահանգումը շատ արդիական է հնչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել